Իրենց ընդդիմադիր հայտարարելու, ցանկացած պաշտոնից հրաժարվելու եւ իշխանության թեկնածուին չշնորհավորելու մասին բոլորը պետք է հայտարարություն անեն, դա է կարգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն` անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե միասնական թեկնածուի մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուրը հայտարարի, որ ընդդիմադիր է, պաշտոնից հրաժարվելու է եւ իշխանության թեկնածուին չի շնորհավորելու:
«1996 թվականին էլ էր նման մի բան, երբ Բագրատյանն իշխանություն էր, այն ժամանակ, մեր դեմ էր, ես այդ ամենն արել եմ: Բագրատյանն այդպիսի կոչ անելուց առաջ պետք է իմանա, որ կան մշակված սկզբունքներ, ես իր հետ կխոսեմ»,- ասաց նա:
Հարցին, թե միասնական թեկնածուի ձեւավորման մասին ե՞րբ է վերջնական որոշում լինելու, նա պատասխանեց, որ միասնական թեկնածու կարող է ձեւավորվել ամեն պահի: «Մյուս թեկնածուների հետ հրապարակային խոսակցությունն արդեն սկսվել է, ի տարբերություն հրապարակային խոսակցություններից խուսափելու տրամադրվածության իմ մոտ հակառակն է»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե ձեզ հենց մեղադրել էին, որ պայմանավորվածությունները խախտում եք եւ դեռ վերջնական արդյունքներ չեղած` թեկնածուների հանդիպումների մասին հայտարարում եք, նա նշեց, որ «մեղադրել կարող են միայն գաղտնիության սիրահարները, բոլոր բացասական բաները գաղտնիությունում են ծնվում, դրականը ծնվում է բաց պայմաններում»:
«Բագրատյանը հիմա ուզում է գաղտնի աշխատել, թող ինքը գաղտնի աշխատի, ես հրապարակային եմ աշխատելու: Ես նրան չեմ մեղադրում, որ ինքը գաղտնիության սիրահար է, ես միշտ բաց եմ աշխատում, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հասարակությանը: Այդպես էլ պետք է աշխատենք, չի ուզի, իր հետ չեմ աշխատի»,- ընդգծեց նա:
Պարույր Հայրիկյանն ասաց, որ իր ուղերձը հրապարակային է, որը նախեւառաջ վերաբերում է Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ նրանց հետ մեկ ընդհանուր հայտարարություն եղել է:
Նշենք, որ երեկ Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ՍԴ, իսկ այսօր նոր դիմում է ներկայացրել եւ հետ վերցրել երեկվա իր դիմումը: Երեկ Հայրիկյանը հայտարարել էր,որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը հետ կվերցի եւ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Հակառակ դեպքում ինքը կհետաձգի ընտրությունները, որպեսզի կարողանա ամբողջական քարոզարշավ իրականցնել: Անդրադառնալով միասնական թեկնածուի ստեղծմանը` Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե դրա համար նախ պետք է յուրաքանչյուրը հայտարարի, որ ընդդիմադիր է, հրաժարվում է ցանկացած պաշտոնից եւ չի շնորհավորելու իշխանության թեկնածուին: «Ես կուզենայի, որ բացի ինձնից, մյուս երկուսը եւս պնդեն, որ հավատարիմ են այդ կետին, որ պաշտոն չեն ստանում եւ չեն շնորհավորելու իշխանության թեկնածուին, եթե նա հաղթի ընտրություններում: Քանի որ ցուցակների վերաբերյալ կետը չհարգվեց եւ ոստիկանությունը չտվեց: Պետք է հասկանամ, որ այդ երեք ստորագրածները ընդդիմություն են»,- ասել էր նա:
Նա նաեւ նշել էր, որ իրենք պայմանավորվածություն ունեին հանդիպումների մասին ոչինչ չհայտնել, քանի դեռ վերջնական արդյունքի չեն հասել, եւ «ինչ կարիք կար հավաքել լրագրողներին եւ հայտարարել»: «Սա միասնական թեկնածուի թեզի տակ եղած ընդդիմադիր դաշտը զրոյացնելու փորձ է, այստեղ տեսնում եմ նաեւ իշխանության խաղը»,- ասել էր նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























