«Արեւելյան գործընկերության» շրջանակներում ոչ պաշտոնական երկխոսության երկրորդ փուլը կայանալու է Թբիլիսիում` մասնակիցների երկրների բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ, փետրվարի 12-13-ին: Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Միջոցառումը վրացական կողմից ընդունելու են արտգործնախարար Մայա Փանջիկիձեն եւ էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Ոչ պաշտոնական երկխոսությանը մասնակցելու է նաեւ եվրաինտեգրման նախարար Ալեքսի Պետրիաշվիլին: ԵՄ կողմից մասնակցելու են Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդթը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, տրանսպորտի հարցերով հանձնակատար Սիյմ Կալլասը:

Միջոցառման մասնակիցները քննարկելու են «Արեւելյան գործընկերության» հետագա զարգացումը, նաեւ տրանսպորտային ոլորտի հարցեր: Միջոցառմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: