Անդրեաս եւ Հայդրուն Անշլագները, ովքեր Գերմանիայում դատարանի առջեւ են կանգնել Մոսկվայի օգտին լրտեսության մեղադրանքով, կարող են արտահանձնվել Ռուսաստան` ԿՀՎ-ի դատապարտված գործակալի դիմաց: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ, անցած տարվանից գերմանական իշխանությունները բանակցություններ են վարում հնարավոր փոխանակման շուրջ: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Մոսկվայում բացահայտված գործակալը, թերեւս, չափազանց արժեքավոր է, որ նրան փոխարինեն ձախողված գործակալների դիմաց:
Die Welt - Welt am Sonntag պարբերականին հայտնի է դարձել, որ Անշլագներին ցանկացել են փոխարինել երկու գործակալների հետ: Բեռլինին, մասնավորապես, հետաքրքրել է Վալերի Միխայլովը` ԱԴԾ-ի պաշտոնաթող գնդապետը, ով դատապարտվել էր պետական դավաճանության մեղադրանքով: Միխայլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Նա 2001-2007 թվականներին ԿՀՎ-ին հազարավոր գաղտնի փաստաթղթեր է տրամադրել, իսկ երկու միլիոն դոլարով անշարժ գույք է գնել ԱՄՆ-ում, ուր տեղափոխվել էր ընտանիքի հետ: Նա ձերբակալվել էր 2010թ., երբ ինչ-որ պատճառով վերադարձել էր Մոսկվա:
Վերլուծաբանները կարծում են, որ Միխայլովի տրամադրած գաղտնիքները ինչ-որ կապ ունեն Գերմանիայի հետ: Լրագրողները, թերեւս, խոստովանում են, որ Միխայլովին Անշլագների դիմաց ստանալը գրեթե անհնարին գործ է:





























