Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանն իրենց դրել է հակասական վիճակի մեջ: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց նախագահի արդեն նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր հանի իր թեկնածությունը, Հրանտ Բագրատյանը նույնպես ինքնաբացարկ չի հայտնի, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր «առաքելությունն» այս ընտրություններում: Բագրատյանը ցանկանում էր ցույց տալ, որ ՀԱԿ-ը բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, կարող է թեկնածու ունենալ եւ այդ թեկնածուն ինքն է, թեեւ ես բազմիցս կրկնել եմ, որ Բագրատյանը երբեք էլ ինքնուրույն խաղացող չի եղել: Րաֆֆի Հովհաննիսյանը եւս ունի իր առաքելությունը, ում նպատակը ցույց տալն է, որ թեեւ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցում ընտրություններին, նրանց ընտրազանգվածը կքվեարկի իր օգտին»,- նշեց նախագահի նախկին թեկնածուն:
Նրա խոսքով` որոշ ժամանակ այդ սցենարը խախտվել էր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատճառով, սակայն հիմա ամեն ինչ կրկին գնում է նույն ուղիով:
«Րաֆֆի Հովհաննիսյանը ֆոն ստեղծեց, որ լուրջ քարոզարշավ է իրականացնում, արժանի աջակցությամբ երկրորդ թեկնածուին, թեեւ դա բոլորովին էլ այդպես չէ: Նրա հանդիպումները զանգվածային չեն, որը բնորոշ պետք է լինի երկրորդ տեղը զբաղեցնողին: Րաֆֆի հովհաննիսյանի ամենալավ հանդիպումը եղել է Կառավարության նիստերի դահլիճում, ինչը յուրաքանչյուրը կարող է կազմակերպել»,-ամփոփել է Արամ Հարությունյանը:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























