Հունվարի 21-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 252 տոկոսով աճել է Հայրիկյանի ներկայացվածությունը եթերում, իսկ ամենաշատը` 34,2 տոկոսով նվազել է Սերժ Սարգսյանի ներկայացվածությունը: Այդ մասին այսօր` փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը` հավելելով, որ դա իրավախախտում չէ, ոչ էլ կողմնակալ վերաբերմունք, այն պայմանավորված է նրա դեմ կատարված մահափորձով:

Նա տեղեկացրեց, որ հունվարի 21-ից փետրվարի 6-ը ընկած ժամանակահատվածում նախագահի թեկնածուներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը ու Սերժ Սարգսյանն են օգտվել վճարովի եթերաժամից, իսկ մյուս թեկնածուները բավարարվել են հատկացվող անվճար եթերաժամով: Գրիգոր Ամալյանը նշեց նաեւ, որ այն դեպքերում, երբ հեռուստաընկերությանը չէր հաջողվել հստակ տարանջատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական գործառույթները նախընտրական քարոզչական գործառույթներից, հանձնաժողովը գնահատել է քարոզչական ու ներառել քարոզչական եթերաժամանակի մեջ` ի վնաս թեկնածուի:

Հունվարի 21-27-ը կատարված մոնիթորինգի համեմատ` այս անգամ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը եւ Վարդան Սեդրակյանը ավելի շատ են լուսաբանվել: Նույն ժամանակահատվածի համեմատ փետրվարի 8-ին ինքնաբացարկ ներկայացրած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին, թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին, Անդրիաս Ղուկասյանին եւ Սերժ Սարգսյանին ավելի քիչ են լուսաբանել: