Նախագահական ընտրությունների օրն, ըստ Սահմանադրության, հետաձգվում է այն ժամանակ, երբ թեկնածուից անկախ անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանում. այս օրերի ընթացքում ինձանից անկախ ոչ մի խոչընդոտ չի առաջացել: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը` մեկնաբանելով այն խոսակցությունները, որ իր հացադուլի նպատակն ընտրությունները հետաձգելն է:
Ղուկասյանի խոսքով` ինքը չի մասնակցում նախընտրական քարոզարշավին, այլ հացադուլ է հայտարարել` ի նշան շինծու ընտրությունների դեմ բողոքի, «ուստի, այս ամենը կապ չունի Սահմանադարության դրույթի հետ»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում հասարակական կազմակերպությունների` հացադուլը դադարեցնելու կոչը, Ղուկասյանը նշել է. «Հասարակության համար, ինչ-որ տեղ իմ հացադուլը հանդես է գալիս որպես ճնշում, եւ ոմանք ցանկանում են, որ ոչ ոք չբարձրացնի կեղծ ընտրությունների թեման: Կարծում եմ` հասարակության ճիշտ արձագանքը կլիներ` արթնանալ եւ պայքարել իրենց իրավունքների համար, այլ ոչ թե պայքարող քաղաքական գործչին կոչ անել` դադարեցնել պայքարն ու հաշտվել գոյություն ունեցող կարգի հետ»:





























