Փետրվարի 12-ի առավոտյան Հյուսիսային Կորեայի տարածքում ստորերկրյա ցնցումներ են գրանցվել: Հարավկորեական «Յոնհափ» գործակալությունը հայտնում է, որ ցնցումներն արհեստական ծագում են ունեցել:
Նախորդ շաբաթ Հարավային Կորեայի գործող նախագահ Լի Մեն Բակը հարավկորեական Chosun Ilbo թերթի հետ հարցազրույցում չէր բացառել, որ ԿԺԴՀ-ն առաջիկայում կարող է անցկացնել իր պատմության մեջ միջուկային երրորդ փորձարկումը: Հարավկորեացի մասնագետները ենթադրում են, որ ԿԺԴՀ-ում ջրածնային ռումբի ստեղծման աշխատանքներ են տարվում:
Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության (USGS)` Երեւանի ժամանակով ժ. 6.57-ին Փհենյանից 379 կմ հյուսիս-արեւելքում գտնվող Սոնջինբեգամ շրջանում գրանցվել էր 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հիպոկենտրոնը գտնվել էր 1 կմ խորությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԿԺԴՀ-ն իրեն միջուկային տերություն էր հայտարարել 2005թ.: 2006 եւ 2009թթ. երկիրն անցկացրել էր ընդհատակյա միջուկային փորձարկումներ, որոնք հարուցել էին միջազգային հանրության վրդովմունքը: Ի պատասխան Փհենյանի գործողությունների` ՄԱԿ-ի ԱԽ-ն ԿԺԴՀ-ից միջուկային ոլորտում գործունեությունը դադարեցնող պահանջով մի շարք բանաձեւեր էր ընդունել:




























