ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել է ստրգետնյա միջուկային փորձարկում անցկացնելու մասին: Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ միջուկային փորձը «հաջող է» անցել:

Միեւնույն ժամանակ, գործակալությունը հաղորդել է, որ այս անգամ միջուկային պայթյունն ավելի հզոր է եղել, քան` 2006 եւ 2009թթ. իրականացված նախկին փորձերի ժամանակ: Փորձը վնաս չի հասցրել շրջակա միջավայրին, հայտնում է ՌԲԿ-ն:

ԿԺԴՀ-ում միջուկային  հնարավոր փորձարկման մասին առաջինը հայտնել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: Հաստատման հիմքը ստորգետնյա «միանգամայն արհեստական ծագում ունեցող» ցնցումն է եղել, որը Հյուսիսային Կորեայի տարածքում գրանցվել է փետրվարի 12-ի առավոտյան: Այսպես` ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գրանցել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Փհենյանից հյուսիս-արեւելք:

ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկման առնչությամբ Հարավային Կորեան պահանջել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել: Ինչպես հայտնել է «Ռադիո Ռոսիի»-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստը կարող է գումարվել նույնիսկ այսօր: Վերջին տվյալների համաձայն` հարավկորեական ռազմականները պայթյունի հզորությունը գնահատել են 6-7 կիլոտոննա:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան իր առաջին միջուկային փորձն իրականացրել է 2006 թվականի հոկտեմբերի  9-ին:ԱՄՆ ազգային հետախուզությունն այդ ժամանակ հաստատել է ԿԺԴՀ հյուսիս-արեւելքում ստորգետնյա ատոմային պայթյունը: 2006 թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունել է N1718 որոշումը, որում պահանջել է, որ ԿԺԴՀ-ն այլեւս չիրականացնի նոր միջուկային փորձ կամ բալիստիկ հրթիռների մեկնարկումներ: Սակայն Փհենյանը խախտել է այդ պահանջը` 2009 թվականի ապրիլի  5-ին իրականացնելով արբանյակով հրթիռի մեկնարկը:Դրանից հետո ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ դուրս է գալից միջուկային զինաթափման վեցկողմանի բանակցություններից: Արեւմտյան փորձագետները դա ընկալել են որպես միջուկային նոր փորձի հնարավոր պատրաստություն: 2009 թվականի մայիսի 25-ին ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել է միջուկային ստորգետնյա հերթական փորձի մասին: