Նախկին սենատոր, ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելը կոչ է արել զարգացնել հարաբերությունները Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանական ոլորտում: Չակ Հեյգելը պատասխանել է Սենատի` սպառազինությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկ Լեւինի գրավոր հարցմանը` հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հեյգելը նշել է, թե ինչպես մյուս ոլորտներում, պաշտպանական ոլորտում կան հնարավորություններ աճի համար եւ բնագավառներ համագործակցության եւ գործընկերության ամրապնդման համար: Պաշտպանության նախարար նշանակվելու դեպքում նախկին սենատորը խոստացել է շարունակել առկա ոլորտների ամրապնդումը եւ նոր ոլորտներ բացել Հայաստանում ռազմական բարեփոխումներին աջակցելու համար: Նա նաեւ նշել է, թե կցանկանար այնպես անել, որ ԱՄՆ-ը աջակցեր Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը` տարածաշրջանային անվտանգության եւ կայունություն ապահովման մեջ ունեցած ավանդի համար:

ANCA-ի գործագիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Լեւինին` Հայաստանի հետ հարաբերություններն արծարծող հարցերին ուշադրություն դարձնելու համար: