Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուներից նախընտրական ծրագիր ներկայացրել են միայն երեքը՝ Սերժ Սարգսյանը, Ռաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ այդ երեքն էլ ակտիվ քարոզարշավ են վարում:
Ըստ Թ. Մանասերյանի՝ ներկայացված ծրագրերի տնտեսական հատվածում թեկնածուները մեծ տեղ են հատկացրել սոցիալական խնդիրներին, աշխատավարձերին ու կենսաթոշակներին: Երեք թեկնածուներին միավորում է նաեւ այն, որ հատուկ կարեւորել են գյուղի եւ գյուղատնտեսության զարգացումը;
Թեկնածուներից Ռ. Հովհաննիսյանն ու Հ. Բագրատյանը մեծ տեղ են հատկացրել նաեւ ստվերի կրճատման խնդիրներին: Ռ. Հովհաննիսյանն ու Ս. Սարգսյանը խոստացել են ստեղծել աշխատատեղեր, իսկ Հ. Բագրատյանը նշել է, որ աշխատատեղերի ստեղծումը նախագահի խնդիրը չէ. նախագահը պետք է պարզապես պայմաններ ստեղծի ինքնազբաղվածությունն ավելացնելու համար: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը մյուս երկուսից տարբերվոււմ է նաեւ նրանով, որ թվական տվյալներ չի ներկայացնում, այլ մատնանշում է թիրախները եւ դրանց լուծման ուղիները:
Թ. Մանասերյանի կարծիքով՝ «լավ» ծրագիր ներկայացնելը բավարար չէ, կարեւոր է նաեւ՝ թե ով է դա իրականացնում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























