ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը լիարժեքորեն չի կարողանա մասնակցել քարոզարշավին: Այս մասին նա ասաց այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հայրիկյանը նշեց, որ քարոզարշավի ամենակարեւոր փուլում դուրս մղվեց, ողբերգություն չէ, բայց փաստ է: «Շեշտակի աճ չունեինք, բայց ունեինք կայուն աճ»,- ասաց նա՝ շեշտելով, որ եթե վճռական փուլում ինչ-որ հարված է հասցվում, ապա դա արվում է նրա համար, որ զգացին դրա վտանգավորությունը: Նրա կարծիքով՝ միջադեպն իջեցրեց իր վարկանիշը: Ընտրություններում երկրորդ փուլը, նրա խոսքով, անխուսափելի է:
Նախագահի թեկնածուն նշեց, որ այսօրվանից Հայաստանի բոլոր մարզերում իր ներկայացուցիչներն ակտիվորեն քարոզչություն են իրականացնելու, օգտագործելու են հեռուստաեթերի եւ համացանցի հնարավորությունները:
Այս անգամ եւս նա քրեական գործից ոչինչ չասաց, միայն նշեց, որ կրակողներին չի ճանաչում, եթե իսկապես իրենք են: Նույնիսկ երբ նկարները ցույց են տալիս, ասում է՝ «շնորհակալություն, ինձ պետք չէ»:
«Դեպքից հետո երբ հասա ատսիճաններին, կինս ինձ հարցրեց՝ ով էր, ես ասացի՝ քսան տարուց ավել ԿԳԲ-ն ինձ հետապնդել է, դա ԿԳԲ-ի ձեռագիրն է»,- ասաց նա՝ հավելելով, որ «Վահան Հովհաննիսյանի նման մարդկանց համար դա արտառոց էր, խանդում է, որ իր վրա չեն կրակել»:
Ի դեպ, նախագահի թեկնածուն հանդիպել է Եվրոպական միության դեսպաններին, բավական հետաքրքիր զրույց է ունեցել, որի ժամանակ հարցերը վերաբերել են նախեւառաջ իրենց տագնապներին, զրուցել են նաեւ ցուցակների մասին: Նրա կարծիքով՝ երբ ցուցակները պակասում են, դա ավելի վտանգավոր է, քան երբ դրանք ավել են: Հայրիկյանը դեսպանների հետ հանդիպմանը կարեւորել է, որ ընտրություններից հետո ցուցակները մատչելի լինի, քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները պետք է հասանելի լինեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























