Հրանտ Բագրատյանի «Հարյուր քայլ» անվանումը կրող ծրագրում կան մի շարք հակասական կետեր: Այդ մասին այսօր՝ փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հեռտազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Մասնավորապես՝ 66-րդ կետում նշվում է. «բանկերի կողմից ներդրումների դադարեցում, դրամի ուժեղացում...»: Ըստ Թ. Մանասերյանի՝ այս կետը հակասում է 57-րդ կետին, որտեղ նշված է, որ պետք է արգելել դրամի արհեստական արժեւորումը: Մեր կողմից նշենք, որ «դրամի ուժեղացում» տերմինը Բագրատյանի ծրագրում կիրառվել է այլ իմաստով՝ դոլարիզացիայի նվազում եւ դրամային շրջանառության աճ: Թերեւս վիճարկել կարելի է միայն տերմինի ընտրության հարցը:
Թ. Մանասերյանը մեջբերում արեց նաեւ Հ. Բագրատյանի ծրագրի մեկ այլ կետից, որով արգելվելու է հարկային արտոնությունների տրամադրումը կենտրոնական բանկի եւ կառավարության կողմից: Ըստ Թ. Մանասերյանի՝ ԿԲ-ն առանց այն էլ հարկային արտոնություններ տրամադրելու իրավունք չունի, հետեւաբար՝ զրկելու իմաստ չկա էլ: Մեր կողմից նշենք, որ կառավարությունը եւս հարկային արտոնություններ չի կարող տրամադրել՝ դրանք սահմանվում են օրենքով (կառավարությանը միայն իրավունք է վերապահված խոշոր ներդրումների դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում սահմանել):
«Կա նաեւ վիճակագրական արժանահավատության խնդիր: Շատերը կասկածի տակ են դնում նաեւ Հ. Բագրատյանի մտքերի օրիգինալությունը...»,- հավելեց Թ. Մանասերյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























