Թուրքիայում տարեց հայուհիների դեմ վերջին հարձակումները վկայում են, որ այդ երկրում շարունակվում է հակահայկական քաղաքականությունը: Այդ մասին փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Ելնելով նրանից, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներից եւ ոչ մեկը հրապարակայնորեն չի անդրադարձել այդ հարցին, կարելի է ենթադրել, որ հայերի նկատմամբ քաղաքականությունը որեւէ փոփոխություն չի կրել: Եւ չնայած, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե հարձակումները միայն կողոպուտի փորձեր են, երկրում կան շջանակներ, որոնք դրանք ներկայացնում են որպես հայատյացության դրսեւորումներ»,- ասել է Կիրո Մանոյանը: Նա նկատել է, թե Թուրքիայի մարդու իրավունքների միությունը հատուկ զեկույց է հրապարակել, որում նշել է այդ դեպքերը հրապարակայնորեն հետաքննելու անհրաժեշտությունը, նաեւ ընդգծել, թե երկրում օրենք չկա շովինիզմի դեմ:
«Սամաթիա թաղամասում վախի մթնոլորտ է տիրում եւ ճնշումներ հայ համայնքի նկատմամբ: Հարկավոր է ընդգծել, թե նման միջադեպերի պատվիրատուն միանշանակ Թուրքիայի իշխանությունն է»,- շեշտել է Մանոյանը` հավելելով, թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին նման միջադեպերի թիվը կարող է աճել:





























