Ի դեմս Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորվածների, մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք, թե թմրանյութի ազդեցության տակ, թե պարտադրանքի տակ վաղը մյուս օրը այնպիսի հայտարարություններ կանեն, որ այս գործընթացներն ուղղվեն նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի դեմ: Այս մասին, այսօր` փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսում ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նրա խոսքով` ինքը հակված է կարծել, որ այս ամենի հետեւում կանգնած են միգուցե պետական, միգուցե ոչ պետական կառույցներ: Բայց, որ ամեն ինչ նախապես պլանավորված է եղել, որ այս գործընթացն ուղղեն իր դեմ, դրանում նա չի կասկածում:

«Եթե գնանք Խաչիկի վարորդի տուն` խոսքը թմրամոլի մասին է, եւ փորձեք զրուցել կնոջ հետ, նա թմրանյութի ազդեցության տակ ամբողջ Քանաքեռում, բոլոր հարեւաններին հայտարարել է, թե Վարդան Սեդրակյանն ունի պատժիչ ջոկատներ եւ իրեն նշանակել է պատժիչ ջոկատների հրամանատար: «Վոլվո»-ի հետեւում էլ մի թուղթ են կպցրել: Հետո իմացա, որ դա հատուկ պատժիչ, գաղտնի ջոկատների նշանն է: Նաեւ իբր ասել եմ, որ իրեն հետո հրամանտար, նախարար եմ դարձնելու»,- պատմեց Վարդան Սեդրակյանը:

Նա նաեւ հիմանավորեց, թե ինչու են հենց այս երկուսին գտել. «Մեկը, որ թմրամոլ է, արդեն դրանով ամեն ինչ ասված է: Ինչ վերաբերում է Սամվելին, նրա ավագ եղբայրը գտնվում է բանտում: Դեռ դատավճիռը չի եղել, բայց ըստ մեղադրանքի, հարուստ մարդու տուն է թալանել: Նույնիսկ մտածում եմ, որ այդ խումբն էլ եմ ես կազմակերպել: Ուզում եմ ասել, որ այս մարդիկ սարսափելի խոցելի են եւ ինչ-ինչ խոստումների համար այս ծրագիրն են իրականացրել: Ինչպես ասում են, այս ամեն ինչը շատ ավելի ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»,-նշեց Վարդան Սեդրակյանը, ընդգծելով, որ նախաքննող մարմինը հայտարարել է, որ «Նագան» ատրճանակը գտել են կնոջ պահած տեղից:

«Ստացվում է ամուսինը գնում է մարդ է սպանում, գալիս է տուն ատրճանակը տալիս է կնոջն ու ասում. «Տար պահի»: Նրա կինը Քանաքեռում պատմում է, որ ԱԱԾ-ից իրեն զանգել են, հեռախոսը տվել նույն Խաչատուրին եւ ինքը հեռախոսով գոռում է կնոջ վրա, թե «Գնա պարկուճները բեր էսինչ ծանոթի տնից»: Հետո կինը գնում բերում է: Ամբողջ Քանաքեռը դա է խոսում: Մենք գործ ունենք անհավասարակշիռ մարդկանց հետ, որոնք ցանկացած պահի պատրաստ են ամեն ինչ գրել եւ ասել»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:

Նախագահի թեկնածուն նաեւ նշեց, որ առաջիկայում հեեռախոսային զրույցներ էլ ի հայտ կգան: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա տեխնիկան թույլ է տալիս ցանկացած մարդու ձայնի տեմբրին եւ ինտոնացիային տալ համապատասխան ծրագիր, համոզված եմ, որ լինելու է նաեւ այդ տարբերակը»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Ինչ վերաբերում է լուրերին, թե «Վոլվո» մեքենայով է վճարել նրանց, Սեդրակյանն ասաց, որ ինքն իր «Վոլվոն» ոչ թե նվիրել, այլ վաճառել է նրանցից մեկին: Նրա խոսքով` կալանավորվածներից մեկը «կաֆելչիկ» է: «Երբ Եղվարդի իմ ամառանոցն էր վերանորգում, իրենց տաքսի էր պետք: Տաքսիստը եմ գտել: Բայց մամուլում գրածից պարզվեց, որ կաֆելչիկը վարորդ է ունեցել: Հետո այդ տաքսին վթարվեց, մեքենա էր պետք եւ իմ մեքենան վաճառել եմ իրեն: Պայմանը եղել է ամիսը 5 հարյուր դոլար: Երեք ամսվանը տվել են: Դա փաստաթղթերով ձեւակերպված չէ, քանի որ ամբողջ գումարը չեն տվել»,- պատմեց Վարդան Սեդրակյանը:

Նախագահի թեկնածուն ասաց, թե կարդացել է, որ էպոսով իբր ազդել է նրանց վրա եւ իր հարցազրույցները հայտնաբերվել են նրանց մեքենայում: «Ես իմ տպագրված հարցազրույցները տարածել եմ Հայաստանում եւ դրա դիմաց ես նրանց գումար եմ տվել, ինչի մեջ որեւէ անօրինական բան չկա: Իրենք ասում էին, որ Գյումրիում, Չարենցավանում ծանոթներ ունեն եւ տանում տարածում էին: Հիմա պարզվում է, որ այս հարցազրույցները երբեք, որեւէ տեղ չեն տարածվել: Գնացեք մտեք իրենց տուն եւ կտեսնեք ամբողջ սենյակը մոտ վեց հազար հատ այդ հարցազրույցներից դրված է: Հիմա ինչի համար էր սա արվում: Հիմա վաղը կներկայացնեն, որ ոչ միայն Երեւանում, այլ ամբողջ մարզերում ես մեծ ցանց եմ ստեղծել»,-ասաց Վարդան Սեդրակյանը:

Ի  դեպ, ասուլիսին ներկա էին միջազգային դիտորդներ: Սեդրակյանն ասաց նաեւ, որ մարզերի հեռուստաընկերությունների հետ թեեւ պայմանավորվածություններ ունեին, բայց վերջին խոսակցություններից հետո խուսափում են իրեն հրավիրել: Նրա խոսքով` ինքն այն մարդը չէ, որ ասի, թե գիտեք խոչընդոտներ են ստեղծվել: «Բայց ստացվում է, որ ես ամեն ինչ թողած, ստօպված եմ պատմել Սամվելի ու Խաչատուրի կենսագրությունը: Դա արդեն այս ընտրությունները դարձնում են անլուրջ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am