Բիշքեկի կայազորի ռազմական դատարանը հեռակա կարգով դատավճիռ է կայացրել նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եւ նրա եղբոր` պետական պահպանության ծառայության նախկին պետ Ժանիշ Բակիեւի նկատմամբ: Նախկին նախագահը դատապարտվել է 24 տարվա, իսկ եղբայրը` ցմահ ազատազրկման:
«ԱԿԻպրեսի» փոխանցմամբ, դատավճիռը կայացվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավա Մեդետ Սադիրկուլովի մահվան գործով: Սադիրկուլովը մահացել է 2009թ. մարտին, իր հրաժարականից քիչ անց: Պաշտոնական վարկածով` նա մահացել է ավտովթարից, իսկ ոմն Օմուրբեկ Օսմոնովը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Ավելի ուշ Օսմոնովը սպանվել էր:
Երբ 2010թ. Բակիեւին տապալեցին, Ղրղըզստանի նոր իշխանությունները վերսկսեցին հետաքննությունը եւ պարզեցին, որ Սադիրկուլովը սպանվել է, իսկ կազմակերպիչը Ժանիշ Բակիեւն է: Նրա հրամանով Սադիրկուլովի մեքենան կանգնեցվել եւ տեղափոխվել էր մի ամառանոց: Սադիրկուլովին խեղդել էին, նրա ուղեկիցներին սպանել, ապա կազմակերպել մեքենայի այրումը` վթարի տպավորություն թողնելու համար:
Բակիեւը հեղաշրջումից հետո փախել էր Բելառուս, իսկ նոր իշխանություններին չի հաջողվել ետ ստանալ նրան:





























