Ակնհայտ է, որ Ադրբեջանում հակահայկական մթնոլորտը ստեղծվում եւ սնուցվում է իշխանությունների կողմից: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսում հայտնել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հասցեին հնչող սպառնալիքներին, ով համարձակվել էր հայերի մասին լավ բաներ գրել:
«Ադրբեջանի իշխանությունները նման գործողություններով փորձում են հասարակության եւ բնակչության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Միջազգային լրատվամիջոցները եւս սկսել են ուշադրություն դարձնել այդ հարցին: Շատ կարեւոր է հաշվի առնել այն, որ Ադրբեջանը միայն ցույց է տալիս, թե արհամարհում է միջազգային հանրությանը, իրականում միջազգային կարծիքը զգալի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա՝ հատկապես Հունգարիայի իշխանությունների հետ ամոթալի գործարքի հետեւանքով ստեղծված իրավիճակից հետո», - ընդգծել է Կիրո Մանոյանը: Նա նաեւ նշել է, որ անվտանգության համակարգերի պատասխանատու ԱՄՆ-ի ներկայացուցիչների կողմից Ադրբեջանը ճանաչվել է ժողովրդավարության այնքան դեֆիցիտ ունեցող երկրներից, որ հետագայում դա կարող է դառնալ երկրում իրադրության ապակայունացման պատճառ:
Նշենք, որ Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսիլիի սկանդալային գրքի շուրջ կրքերը միջնադարյան ընթացք են ստացել: «Ժամանակակից մուսավաթ» ուղղափառ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կպարգեւատրեն նրան, ով կտրի գրողի ականջը:
Հիշեցնենք, որ ռուսական «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում հրապարակված ադրբեջանցի գրողի «Քարե երազներ» ստեղծագործությունն Ադրբեջանում զայրույթ էր առաջացրել: Ադրբեջանցի կեղծ հայրենասերների դժգոհության պատճառը հայերի նկատմամբ կարեկցանքի տոնայնությունն է: Գրողին արդեն զրկել են «ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից: Նրա կինն ու որդին հեռացվել են աշխատանքից: Քննարկվում է նույնիսկ գրողին Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելու հարցը:





























