Տեղեկատվական դաշտում հայկական կողմը ոչ միշտ է զիջում թուրքական քարոզչությանը: Հակառակ դեպքում Թուրքիան մշտական անհանգստություն չէր զգա: Այդ մասին այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Հնարավոր է, մենք ոչ միշտ ենք հասել թուրքական կողմի հետ կապված մեր նպատակներին, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան միշտ հաղթել է տեղեկատվական ոլորտում: Եթե դա այդպես լիներ, Թուրքիայում կարող էին հանգիստ քնել, սակայն իրականությունը միանգամայն այլ է», - նշել է Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ Թուրքիան անհանգստանում է, քանի որ դժգոհություններ կան նաեւ երկրի ներսում: «Բացի դրանից, միջազգային հանրության դիրքորոշումն էլ բավականին զգալի ազդեցություն ունի Թուրքիայի վրա, համենայն դեպս, ԵՄ ինտեգրվելու երկրի մտադրության առումով», - ամփոփել է Կիրո Մանոյանը:





























