Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջնորդները փետրվարի 12-ին կրկին չեն կարողացել համաձայնության հասնել երկրի գերագույն օրենսդիր մարմնի աշխատանքը սկսելու հարցում: Բանակցությունները կվերսկսվեն փետրվարի 15-ին, հայտնել է պատգամավոր Վիտալի Կովալչուկը:
Ըստ Կովալչուկի՝ ընդդիմությունը շարունակում է արգելափակել Ռադայի ամբիոնը՝ պնդելով անհատական քվեարկության սկզբունքին հետեւելու անհրաժեշտությունը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ նախորդ ամբողջ շաբաթ խորհրդարանը չէր կարողանում աշխատել ընդդիմության կողմից ամբիոնի արգելափակման պատճառով: «Բատկիվշչինա», ազգայնական «Սվոբոդա» եւ Վիտալի Կլիչկոյի «ՈՒԴԱՌ» կուսակցությունների անդամները պահանջում են, որ պատգամավորները միայն իրենց անունից քվեարկեն եւ զրկվեն բացակայող գործընկերների փոխարեն քվեարկելու հնարավորությունից, իսկ դրա համար անհրաժեշտ է գործարկել քվեարկության «Ռադա-3» համակարգը: Ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ եթե 30 օրվա ընթացքում Ռադան չսկսի իր աշխատանքը, նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է ցրել խորհրդարանը:
Մինչդեռ, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հուսով է, որ մոտ օրերս Ուկրաինայի Գերագույն Ռադան կվերսկսի աշխատանքը:
Ռեգիոնների կուսակցությունից էլ հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է միջամտել Գերագույն Ռադայի արգելափակումը հանելու հարցին, սակայն պատգամավորները դեռ չեն սպառել բանակցելու հնարավոր միջոցները:




























