Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 12-ին փորձարկել է նոր թանաքանյութը, որով կնքվելու են անձնագրերը նախագահական առաջիկա ընտրություններին:
ԿԸՀ անդամները թանաքանյութերը լրագրողների ներկայությամբ փորձարկել են անվավեր քվեարթերթիկների վրա: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ բողոքներ էին ստացվում թանաքանյութի շուտ ցնդելու կապակցությամբ, եւ այս անգամ ԿԸՀ-ն 2200 սրվակ նոր թանաքանյութ է ներկրել Մեծ Բրիտանիայից, եւ այդ քանակությունը լիուլի բավարար է ընտրությունների ընթացքն ապահովելու համար: Ավելին, այս անգամ նույնիսկ Հայաստանի եղանակային պայմաններն են հաշվի առնվել, որպեսզի թանաքը շուտ չցնդի: Ըստ ԿԸՀ պաշտոնյաների, թանաքանյութը առնվազն 12 ժամ չի անհետանա անձնագրից եւ կեղծելու հնարավորություններն էապես կնվազեն: «Մեկ սրվակը լրիվ բավական է մեկ ընտրատեղամասի համար, կլինեն տեղամասային հանձնաժողովներ, որոնց կտրամադրենք երկու սրվակ, հաշվի առնելով, որ այդ տեղամասերում լինում են շրջիկ արկղեր»,- ասաց Մուկուչյանը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ թանաքի օգտագործման գլխավոր պայմանը այն լավ թափահարելն է, ՏԸՀ անդամները թանաքանյութը թափահարելը եւ դրոշմակնիք դնելը որպես առանձին առարկա են սովորել:





























