ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը գումարվել է այսօր` փետրվարի 12-ին, Նյու Յորքում: Նիստը նվիրված է Հյուսիսային Կորեայի իրականացրած ատոմային փորձարկումներին:
Արտակարգ նիստի նախաձեռնողը Հարավային Կորեան է: Ավելի վաղ համաշխարհային առաջնորդները հայտարարություններ են տարածել` կոչ անելով խստացնել պատժամիջոցները Փհենյանի դեմ: ԿԺԴՀ ղեկավարությունն իր հերթին ակնարկել է, որ կարող է դիմել առավել կոշտ գործողությունների:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հրապարակել է ստորգետնյա ատոմային հաջող փորձարկումների մասին: Հյուսիսային Կորեայի գործողություններն արդեն դատապարտել են ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը:





























