Թուրք հրատարակիչ եւ մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Ադրբեջանում գրող Ակրամ Այլիսլիին հայերին կարեկցելու համար Լինչի դատաստանի ենթարկելու արշավը, ինչպես նաեւ միջազգային հանրությանը կոչ է անում փրկել գրողին: «Ես դիմում եմ միջազգային հանրությանը եւ Թուրքիայում ու Ադրբեջանում ժողովրդավարներին` կանխելու համար սպանությունը, Հրանտ Դինքի սպանության նման սպանությունը»,-ասել է նա իր հայտարարության մեջ, որը հրապարակել է «Nouvelles d`Arménie»-ին:
«Խիղճը բարոյական որակ է, որ բնորոշում է մարդուն որպես տեսակի: Արդարն ու ազնիվը իրականում երկրի հպարտությունն են ու պատիվը, իսկ կացինը ճոճող հանցագործները երբեք չեն կարող լինել այդպիսին: Ադրբեջանում գրողը, որը պետք է լինի իր երկրի հպարտությունը, հիմա մահացու վտանգի մեջ է, եւ սպառնալիքը գալիս է երկրի նախագահից` հետխորհրդային ավտոկրատից»:
Նա նշել է, որ Լինչի ենթարկողները հավաքվել են հենց նրա տանը, «ինչպես նմանատիպ երեւույթ մենք տեսել էինք Սիվասում եւ Մարաշում»: «Նրանց բնորոշ կարգախոսը` «Բեր քո կացինը» ուղղված է Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնահարել էր քնած հայ սպային»,-հայտարարել է Զարաքոլուն:
Նշենք, որ Ադրբեջանում գրող Ակրամ Այլիսլիի գրքի շուրջ կրքերը թեժացել են` ստանալով միջնադարյան երանգներ: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, թե պարգեւի կարժանացնեն նրան, ով կբերի գրողի ականջը:



























