Deno Gold Mining ընկերությունում կրճատումներ են սկսվել: Ինչպես NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը, այս պահի դրությամբ աշխատանքից ազատվել են 17 հոգի, սակայն գործընթացը շարունակվում է, եւ այդ թիվը կարող է հասնել 50-55-ի: Մարդիկ աշխատանքից ազատվում են հիմնականում աշխատանքը ոչ պատշաճ ձեւով կատարելու եւ աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ:
Հարցին, թե արդյո՞ք այս կրճատումները պայմանավորված չեն վերջերս ընկերությունում կազմակերպված գործադուլի հետ, Ն. Աղայանը պատասխանեց, որ կրճատումները պայմանավորված են այն բանի հետ, որ աշխատակիցների թվաքնակը չի համապատասխանում այն աշխատանքի ծավալին, որը պետք է իրականացնի ընկերությունը: «Սրանով արդյունավետության խնդիր է լուծվում»,- ասաց նա, հավելելով, որ դեռեւս 2009-ին կառավարությունը պահանջ ր ներկայացրել, որ ընկերության աշխատակիցների թիվը չպետք է նվազ լինի 950-ից, այնինչ անգամ կրճատումներից հետո, այդ թիվը կազմելու է 1050 հոգի: իսկ մինչ այդ 2009-ի սկզբին Deno Gold Mining-ում աշխատել է 1100-1120 մարդ:
Ինչ վերաբերում է գործադուլին, ապա Ն. Աղայանը նշեց, որ ընկերությունը որոշում է կայացրել բարձրացնել աշխատավարձերը, սակայն աշխատակիցների որոշ մասին դա չի բավարարել, նրանք պահանջել են ավելի շատ բարձրացնել իրենց աշխատավարձը եւ դրա համար գործադուլ է կազմակերպվել: Օրինակ եթե մեքենավարը մինչ այս պահը ստանում էր 110-120 հազար դրամ աշխատավարձ, ընկերությունը որոշել էր այն բարձրացնել մինչեւ 195 հազարի, գումարած պարգեւավճարները, սակայն աշխատակիցների որոշ մասը ցանկանում էր, որ այն հասցվի 260 հազարի: Հիշեցնենք, որ գործադուլներին մասնակցել են 200 հոգի:
Բոլոր դեպքերում, ըստ Մ. Աղայանի, որոշ մարդիկ ազատվել են աշխատանքի չներկայանալու համար, այլ ոչ գործադուլի համար: Իսկ հարցին, թե արդյո՞ք աշխատանքից ազատվողներին ամբողջությամբ վճարվելու է իրենց աշխատավարձը, թե պարտքեր են մնալու, ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ասաց, որ մինչ օրս բոլորը վճարվել են նորմալ եւ ազատվելիս նույնպես օրենքով նախատեսված բոլոր վճարումները կարվեն:
Կան նաեւ տեղեկություններ, որ արդեն աշխատանքից ազատվածները պատրաստվում են դիմել դատարան՝ իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու համար:



























