Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մասնակցում է Իրանում փետրվարի 9-10-ը անցկացվող «Ներդրումային եւ առեւտրային հնարավորությունները Հայաստանում» թեմայով` «ԱՐՄԵՔՍ2010» միջազգային համաժողովին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, Գուրգեն Սարգսյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին նշել է, որ միջոցառման նպատակը Հայաստանի տնտեսության ներդրումային մեծ ունակություն ունեցող բնագավառների ներկայացումն է և համագործակցության նոր եզրերի ի հայտ բերումը:

Խոսելով ներդրումային ծրագրերի մասին` Գ.Սարգսյանն անդրադարձել է տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներին` նշելով, որ այդ երկու ճյուղերը մեծ դեր ունեն տնտեսության ընդհանուր զարգացման գործում: Մասնավորապես, նախարարն առանձնացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի կառուցման եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծերը: Նա նշել է, որ երկու բարեկամական երկրների միջև ուղիղ երկաթուղային կապի ստեղծումը կհանդիսանա ոչ միայն խթանիչ ուժ երկկողմ բեռնաշրջանառության համար, այլև կկապի Պարսից Ծոցի և Սև ծովի խոշորագույն նավահանգիստները` հնարավորություն ստեղծելով անհամեմատ մեծացնել Իրանի և Հայաստանի տարանացիկ նշանակությունը, իսկ «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը կբարձրացնի ներկայիս գործող Իրանի հետ սահմանամերձ Մեղրի քաղաքից մինչև վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստներ տանող ավտոմոբիլային ճանապարհի թե’ որակը և թե’ թողունակությունը:

Գ.Սարգսյանը մանրամասն ներկայացրել է երկու նախագծերի իրականացման ընթացքը եւ պատրաստակամություն հայտնել քննարկելու իրանական ընկերությունների մասնակցությունը նախագծերի իրականացման բոլոր փուլերին: