Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը շարունակվում է: Մեկ տարվա ընթացքում տուն կվերադառնա եւս 34 հազար զինծառայող, իսկ մինչեւ հաջորդ տարեվերջ Աֆղանստանում պատերազմը կավարտվի, խոստացել է ԱՄՆ-ի նախագահըԿոնգրեսին ուղղված ելույթում: 

Սպիտակ տունը դեռ չի որոշել` իսլամական հանրապետությունում կմնա՞ն արդյոք ամերիկյան զորքեր, երբ ՆԱՏՕ-ի զորքերի հիմնական ուժերը հեռանան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրորդ ժամկետում ընտրվելուց հետո Օբաման Կոնգրեսում իր առաջին ելույթի ժամանակ նաեւ խոստացել է պետության տնտեսական աճի «իսկական շարժիչ» վերագործարկել` միջին խավը, որպեսզի կառուցի «ուժեղ Ամերիկա»:

Բացի դրանից նախագահը Կոնգրեսին կոչ է արել ավելի սերտ աշխատել բյուջետային պակասուրդի կրճատման, պետական ծախսերի եւ հարկային բարեփոխումների ուղղությամբ:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ըստ պետության ղեկավարի,  օրենսդիրների մտահղացումների հեռանկարային ուղղվածությունը պիտի լինի հարկային օրենսդրության  բացթողումների դեմ պայքարը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը: