Սենատի զինված ուժերի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ Չակ Հեյգելին հաստատել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում: Նեբրասկա նահանգի նախկին սենատոր Չակ Հեյգելի թեկնածությունը դարձել էր Սենատի զինված ուժերի հանձնաժողովի վերջին տարիների ամենաթեժ վիճաբանությունների առարկան:
Դեմոկրատ սենատորներն իրենց ելույթներում գովաբանում էին Հեյգելին: Հանրապետականները պնդում էին, որ Հեյգելը հրաժարվել է ներկայացնել վերջին հինգ տարիների ընթացքում իր եկամուտների վերաբերյալ հաշվետվությունը, եւ որ Իրանի հանդեպ նրա ոչ այնքան խիստ դիրքորոշումը եւ Իսրայելին քննադատելը մտահոգիչ են:
Սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել էր, որ հանձնաժողովը չպետք է քվեարկի, քանի դեռ Հեյգելը գոհացուցիչ պատասխան չի տվել իրեն ուղղված բոլոր հարցերին:
Սենատոր Ջեֆ Սեշնսը նույնպես առջարկել է հետաձգել քվեարկությունը եւ քննադատել է Հեյգելի դիրքորոշումը ԱՄՆ-ի միջուկային սպառազինման կրճատման հարցում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Թեքսասից հանրապետական սենատոր Թեդ Քրուզը նույնիսկ հայտարարել էր, որ եթե Հեյգելը պաշտպանության նախարար դառնա, առաջիկա չորս տարում ԱՄՆ-ի՝ զինված հակամարտության մեջ ներքաշվելու հավանականությունը կաճի: Քրուզը հավելել էր, որ Սենատում աշխատելու ընթացքում «Իսրայելի նկատմամբ ոչ ոք ավելի մեծ թշնամություն չի դրսեւորել», քան Չակ Հեյգելը:
Այնուամենայնիվ, Միչիգանից դեմոկրատ սենատոր, հանձնաժողովի նախագահ Կարլ Լեւինը հրաժարվել է հետաձգել քվեարկությունը՝ հայտարարելով, որ այս դժվարին պահին «Պենտագոնը չպետք է առանց առաջնորդ թողնել»:
Դեմոկրատ սենատորները նշել են, որ գոհ են Իրանի եւ Իսրայելի մասին Հեյգելի պատասխաններից, եւ որ նույնիսկ Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Դանի Այալոնն է նրան կողմ արտահայտվել:
Արդյունքում Վաշինգտոնի ժամանակով երեկոյան 5-ին հանձնաժողովը վերջապես քվեարկել է`դեմոկրատական մեծամասնության շնորհիվ հաստատելով Հեյգելի թեկնածությունը:




























