Փետրվարի 12-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Թբիլիսիում մեկնարկած Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ընդարձակ ելույթով:
Ստորեւ ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի ելույթը.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերոջը՝ արտգործնախարար Մայա Փանջիկիձեին, ջերմ հյուրընկալության եւ այս նախարարական հանդիպումը գերազանց կազմակերպելու համար։
Անցած տարիների ընթացքում, մենք ականատես եղանք, որ Արեւելյան գործընկերությունը հետզհետե վերածվում է բովանդակային հարթակի, որը առավել լայն հնարավորություններ է նախանշում քան Եվրոպական հարեւանության քաղաքականությունը։ 2012թ-ի հուլիսին ընդունված Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզը օգտակար ուղեցույց է ծառայել Եվրոպական Միության հետ մեր ընդհանուր օրակարգի զարգացման եւ իրագործման համար։
Հայաստանը լավ առաջընթաց է գրանցել Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցություններում, մարդկանց շարժունակության եւ ոլորտային համագործակցության բնագավառներում։ Մենք մոտեցել ենք Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ավարտական փուլերին եւ ակնկալում ենք եզրափակել գործընթացը մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը:
Ժողովուրդների միջեւ շարժունակության դյուրացումը Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության կարեւոր բաղադրիչ է հանդիսանում, ինչպես դա արտացոլված է Ճանապարհային քարտեզում։ Մենք հաջողությամբ բանակցել եւ ստորագրել ենք մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը եւ ակնկալում ենք սկսել մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը։
Մեր քաղաքացիների միջեւ կապերը եւ փոխանակումները էլ ավելի խթանելու նպատակով Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել համաձայն որի բոլոր ԵՄ քաղաքացիները ինչպես նաեւ Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող պետությունների քաղաքացիները այժմ Հայաստան ուղեւորվելիս ազատված են մուտքի արտոնագրի պահանջից։
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Շարժունակության գործընկերությունը նպատակաուղղված է ամրապնդելու մեր հարաբերությունները՝ կենտրոնանալով օրինական եւ աշխատանքային միգրացիայի ավելի լավ կառավարման վրա, խթանելով փոխանակման ծրագրերը եւ միասնական նախաձեռնությունները մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտում, աջակցելով վերադարձի եւ վերաինտեգրման քաղաքականության արդյունավետ իրականացմանը։ Մենք մի շարք գործնական քայլեր ենք ձեռնարկել շարժունակության վերաբերյալ համատեղ հռչակագրի դրույթներն իրականացնելու համար։
Ցանկանալով զարգացնել ոլորտային համագործակցությունը, մենք ստորագրեցինք Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին կից արձանագրությունը, ինչը Հայաստանին հնարավորություն է ընձեռնում մասնակցել ԵՄ բազմաթիվ ծրագրերին եւ համագործակցել ԵՄ գործակալությունների հետ։ Ճանապարհային քարտեզի երկկողմանի հարթության նպատակներից շատերը հաջողությամբ իրականացվել են, իսկ նրանք, որոնք շարունակական բնույթ ունեն, լավ ընթացքի մեջ են: Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատություններն եւ օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները եւ համապատասխան օրենսդրությունը բարելավելու, դատական համակարգի անկախությանը նպաստելու եւ քաղաքացիական հասարակության դերը ընդլայնելու նպատակով։ Մենք գնահատում ենք, որ մեր ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են եւ Եվրոպական Միությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է կատարել ՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համաձայն։
2013 թվականը կարեւոր տարի է մեր տարածաշրջանի ընտրական օրացույցում։ Հայաստանը վճռական է պահպանել եւ զարգացնել այն առաջընթացը, որն արձանագրվել էր 2012թ-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների գործընթացում։ Խորհրդարանական ընտրություններից հետո աշխատանքային խումբ ստեղծվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ այլ դիտորդական առաքելությունների առաջարկություններին անդրադառնալու համար։ Խումբը մշակել է համապարփակ գործողությունների ծրագիր՝ վերոնշյալ առաջարկությունների իրականացման նպատակով։ Հայաստանի ղեկավարությունը հանձնառու է անցկացնելու գալիք նախագահական ընտրությունները ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան։
Իրականացված բազմաթիվ բարեփոխումները՝ ուղղված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, դրական արդյունքներ են տվել, ինչը գնահատվել է միջազգային համապատասխան կառույցների կողմից։ Գնահատելով գործարար միջավայրը 185 երկրներում՝ վերջին Doing Business զեկույցը արձանագրում է Հայաստանի վարկանիշի զգալի առաջխաղացումը՝ 50-ից 32-րդ տեղը։
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության կողմից հրապարակած Համաշխարհային մամուլի ազատության զեկույցն արձանագրում է 2012թ-ի համար Հայաստանի մամուլի ազատության ցուցիչի զգալի աճը։ Ուսումնասիրությունը, որն իրականացվել է 179 երկրներում՝ հաշվի է առնում այնպիսի չափանիշներ ինչպիսիք են լրատվամիջոցների բազմակարծությունը, անկախությունը, միջավայրը եւ ինքնագրաքննությունը, օրենսդրական շրջանակը, նորությունների եւ տեղեկատվության ստեղծման վրա ազդող հաստատությունների եւ ընթացակարգերի թափանցիկությունը։ Զեկույցի համաձայն, Հայաստանը առաջատարն է մեր տարածաշրջանում։
Ճանապարհային քարտեզում արտացոլված Ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական բարելավումը Հայաստանի համար կարեւոր առաջնայնություն է։ 2009-ից սկսված մարդու իրավունքների ոլորտում պարբերական երկխոսություն է տեղի ունենում Եվրամիության հետ։ Սա կարեւոր ձեւաչափ է, որտեղ քննարկվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ներառյալ մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտում համագործակցության հարցեր։
Մենք կարեւորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցություններին: Քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմը հնարավորություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում հասարակական կազմակերպությունների հետագա ներգրավման համար։
Հայաստանը ակտիվ մասնակցություն է բերում Արեւելյան գործընկերության բազմակողմանի հարթությունում: Մենք առաջարկել ենք հյուրընկալել Հայաստանում բազմակողմանի հարթության շրջանակներում անցկացվող մի շարք միջոցառումներ՝ մասնավորապես միգրացիայի եւ շարժունակության խնդիրներին նվիրված, նաեւ արդարադատության ոլորտում «Անվճար իրավական օգնություն բոլոր քաղաքացիների համար» սեմինարները։ Ծրագրված է այս տարվա ընթացքում Երեււանում անցկացնել «Մարդկային շփումներ» խորագրի ներքո սեմինար՝ Արեւելյան գործընկեր պետությունների միջեւ կրթական եւ գիտական փոխանակումները խրախուսելու նպատակով։
Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ hամապարփակ ազատ առեւտրի գոտու եւ Մուտքի արտոնագրի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը որոշակի խնդիրներ են դնում Արեւելյան գործընկերների առջեւ, մասնավորապես, անհրաժեշտություն է առաջանում ամրապնդելու այդ գործընթացներում ներգրավված կամ ներգրավվելիք կառույցների ինստիտուցիոնալ, տեխնիկական եւ մարդկային կարողությունները: Այս առումով, մենք գնահատում ենք Եվրոպական Միության աջակցությունը, ներառյալ Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը։
Վարշավայի հռչակագիրը վերահաստատեց, որ Արեւելյան գործընկերությունը պետք է էլ ավելի խթանի կայունությունը եւ բազմակողմանի վստահության հաստատումը, եւ ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Հակամարտությունների խաղաղ կարգավորման դրույթը նույնպես նախատեսված է Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզում: Հայաստանը հանձնառու է շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որը միջնորդելու միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափն է: Մենք ողջունում ենք ԵՄ լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցներին:
Որքան մենք մոտենում ենք 2013-ի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, մենք նկատում ենք, որ մեր համագործակցության ձեռքբերումները Արեւելյան գործընկերության շրջանակներում ավելի ու ավելի տեսանելի են դառնում:
Մենք արդեն սկսել ենք խորհրդակցությունները նոր փաստաթղթի՝ Ասոցացման օրակարգի վերաբերյալ, որը կփոխարինի Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը: Դա մեր համագործակցությունը կտեղափոխի նոր շրջանակ՝ հաշվի առնելով գրանցված ձեռքբերումները, միաժամանակ ուրվագծելով ավելի արդյունավետ եւ նպատակաուղղված օրակարգ: Նոր փաստաթուղթը պետք է արտացոլի մեր համագործակցության հավակնոտ օրակարգը, առանձնացնի գերակա ոլորտները, եւ նպաստի Ասոցացման համաձայնագրի հաջող իրականացմանը:
Ասոցացման համաձայանգրի դրույթների արդյունավետ կիրառումը, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին, պահանջում է լրացուցիչ ջանքեր գործընկեր պետություններից: Միեւնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ հանձնառությունները, որոնք պետք է կիրակվեն գագաթանժողովից հետո, կպահանջեն աջակցության ավելի բարձր մակարդակ՝ «ավելին ավելիի դիմաց» մոտեցմանը համահունչ:
Եզրափակելով խոսքս, կցանկանայի վերահաստատել նախարարական ոչ պաշտոնական երրորդ հանդիպումը սեպտեմբերին Երեւանում անցկացնելու առաջարկը, որը մեզ լավ հնարավորություն կտա քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ ձեւաորելու մեր ընդհանուր օրակարգը Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին»:




























