Իտալիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Նիկոլո Պոլարին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման`2003 թվականին եգիպտացի քահանա Աբու Օմարին առեւանգելու համար: Պոլարիի նախկին տեղակալ Մարկո Մանչինին դատապարտվել է ինը տարի ազատազրկման: Եւս երեք աշխատակիցներ դատապարտվել են վեց տարվա ազատազրկման: Բոլոր հինգ հոգին էլ բողոքարկելու են դատավճիռները:
Հետաքննությունը պարզել է, որ ԿՀՎ-ն առեւանգել է Միլանում բնակվող քահանային եւ նրան տարել են Եվրոպայում Ամերիկայի ռազմակայաններից մեկը, ապա` Եգիպտոս: Նրան այնտեղ երկար ժամանակ բռնության են ենթարկել, այնուհետեւ ազատ են արձակել` այդպես էլ մեղադրանք չներկայացնելով: Գործողությունը կատարվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի հատուկ լիազորությունների հիման վրա, որը նախագահը տվել է հատուկ ծառայություններին 2001թվականի սեպտեմբերի 11ին ահաբեկչական ակտերից հետո, գրում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով BBC-ն:
Գործով մեղավոր են ճանաչվել 23 ամերիկացիներ` բոլորը բացառությամբ ԿՀՎ մի գործակալի: 2009 թվականին նրանց դատապարտել են հինգ տարվա ազատազրկման, իսկ Միլանում գտնվող ԿՀՎ ղեկավար Ռոբերտ Լէդին դատապարտվել է 8 տարի ազատազրկման:




























