Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցում կփորձի այնպիսի լուծում գտնել, որը կբավարարի եւ Հայաստանին, եւ Թուրքիային: Այս մասին հայտարարել է ֆրանսիացի սենատոր Նատալի Գուլեն` Cihan news գործակալությանը տված հարցազրույցում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, Փարիզը փորձում է այնպիսի լուծում գտնել, որը կբավարարի Հայաստանին եւ Թուրքիային, ասել է նա: «Ֆրանսիան այդ հարցը քննարկում է Թուրքիայի կառավարության հետ: Անհրաժեշտ է լուծում գտնել, որը կբավարարի հայերին, բայց մյուս կողմից շոկի մեջ չի գցի Թուրքիային»,-ընդգծել է Գուլեն:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վճռական է տրամադրված այս հարցում: Նշելով, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները վերջերս աշխուժացել են, Գուլեն ասել է, որ Հայոց հարցը «երկկողմ առողջ հարաբերությունների» հիմնական խոչընդոտն է: Նա նաեւ ընդգծել է, թե որքան մեծ ու հզոր է Ֆրանսիայի հայկական սփյուռքը՝ հավելելով, որ Ֆրանսիայի ղեկավարությունն այս անգամ Թուրքիան տեսադաշտում կպահի:
Հիշեցնենք, Ֆրանսիայի Ազգային ժողովին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ է ներկայացվել: Նոր օրինագծի հեղինակը «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նախորդ տարի համանման օրինագիծ էր նախաձեռնել:
Նոր օրինագիծը հիմնված է Եվրախորհրդարանի ընդունած «Ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացումը» հոդվածի վրա: Այն նախկինի պես ցեղասպանության ժխտման համար մինչեւ մեկ տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է նախատեսում:
Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել էր ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մինչ այդ Վալերի Բուայեի նախաձեռնած փաստաթուղթը 2011թ. դեկտեմբերի 22-ին ընդունել էր Ստորին պալատը` Ազգային ժողովը: Որոշումն իսկական խուճապ էր առաջացրել Թուրքիայում: Սակայն փետրվարի վերջին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը համարել էր հակասահմանադրական, քանի որ այն «սպառնում էր խոսքի ազատությանը»:
Իրադարձություններն ընթանում էին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին զուգահեռ, եւ երկու թեկնածուներն էլ` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, օրինագծի կողմնակիցներն էին: Սահմանադրական խորհրդի վճռից հետո Սարկոզին կառավարությանը հանձնարարել էր նոր օրինագիծ մշակել, սակայն մարտի սկզբին խորհրդարանը ընտրությունների հետ կապված դադարեցրել էր աշխատանքները:




























