Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը եղանակի տեսության հրապարակումն իսկական խառնաշփոթ է սարքել, ընդ որում` իրավիճակը գնալով վատանում եւ վատանում է: Բանն արդեն հասել է աբսուրդին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի քանի ամիս առաջ փակվեց Հայաստանի Հիդրոմետկենտրոնի www.meteo.am կայքը: Թերեւս, իր գործունեությունը գովազդելու բուռն մղումներում ԱԻՆ-ը, որ վաղուց անցել է «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությանը, որոշել է եղանակի տեսությունը տեղադրել հենց գերատեսչության www.mes.am կայքում: Որոշ ժամանակ ամեն ինչ բավական լավ էր ընթանում, նույնիսկ առավելություններ կային, գերատեսչությունը եղանակի տեսությունը տեղադրում էր մի քանի ժամ շուտ, քան դա արվում էր «Հիդրոմետի» նախկինում գոյություն ունեցող կայքում:

Սակայն հունվարից սկսվեցին պարբերական զավեշտները, որոնք ակնհայտորեն անհաջող անեկդոտ էին հիշեցնում: Նախանձելի համառությամբ եղանակի տեսությունները ԱԻՆ կայքում տեղադրվում էին հետին թվով: Օրինակ, հունվարի 15-ին ողջ օրը չէր թարմացվում, իսկ հունվարի 16-ի առավոտյան «թարմացումը» հայտնվում էր, սակայն թվագրված նախորդ օրվա ժամը 13:10-ով:  Վերջին մեկուկես ամսում այդպես ստացվել է 7-8 անգամ, բայց պարզվում է դա էլ աբսուրդի գագաթնակետը չէ: Անցած օրվանից կայքում զետեղված է փետրվարի 5-ից 9-ի տեսությունը, թեեւ տեղեկությունը թարմացված է փետրվարի 12-ով: Ինչպես ասում են` տեղ հասանք: