Հալեպի հայ համայնքը շարունակում է արիաբար դիմակայել ռազմական գործողությունների հետեւանքով ի հայտ եկած բոլոր խնդիրներին: Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 4 օր շարունակ Հալեպում էլեկտրաէնեգիա չի եղել, որն այսօր` փետրվարի 13-ին, վերականգնվել է խափանումներով:

Ռեիսյանի խոսքով` քաղաքում լուծվել է հացի հարցը: Թեեւ ոչ բոլոր հացի փռերն են աշխատում, սակայն բացի խանութներից, Հալեպի փողոցներում եւս հաց են վաճառում. 8 հատ հացն արժե 100 սիրիական ֆունտ (1 ֆունտը = 1,34 դոլար): Ինչ վերաբերում է ջեռուցման խնդրին, ապա, ըստ Ռեիսյանի, ով հնարավորություն ունի, փայտ է գնում, որը նույնպես սկսել են վաճառել քաղաքի փողոցներում:

Ռեիսյանը նշել է, որ իրավիճակը Հալեպում հանգիստ է, ռազմական գործողությունները տեղի են ունենում քաղաքի սահմաններից դուրս, որի արդյունքում վերջին օրերին հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում զոհեր եւ վիրավորներ չեն եղել: