Օսլոյի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է երկրի խորհրդարանի շենքը պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ:
Այսօր` փետրվարի 13-ի առավոտյան, Օսլոյում խորհրդարանի շենքը ուժեղ վերահսկողության տակ է վերցվել, որի պատճառը ահազանգն է եղել, որ փետրվարի 12-ի երեկոյան, Օսյո ուղեւորվող ավտոբուսի վարորդը պատահաբար լսել է ուղեւորներից մեկի զրույցը: Տղամարդ ուղեւորը ագրեսիվ է տրամադրված եղել նորվեգացի քաղաքական գործիչների նկատմամբ, սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին եւ հայտարարել, որ մտադիր է պայթեցնել խորհրդարանի շենքը: Մի քանի ականատեսներ հայտնել են, որ նրա հագին զրահաբաճկոն է եղել, իսկ ձեռքին` մեծ ու ծանր պայուսակ:
Ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալին, նրան կհարցաքննեն մոտ օրերս: Ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցուցաբերել, իսկ նրա բնակարանում զրահաբաճկոն, գազային ատրճանակ եւ մեծ պայուսակ են գտել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ոստիկանությունում համարում են, որ տղամարդն իր սպառնալիքներն ավտոբուսում հնչեցրել է` գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ: Երիտասարդն նախկինում եւս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում ու կրկին իր հայտարարությունների պատճառով:




























