ԱՄՆ Գլենդել քաղաքի հայ բնակիչը ձերբակալվել է, երբ գողացված մոտոցիկլետով փախուստի է դիմել, ապա վթարի ենթարկվել:

Glendale News Press-ի փոխանցմամբ, 29-ամյա Ռոմիկ Ղազարյանը ձերբակալվել է շաբաթ երեկոյան` 6 կմհետապնդումից հետո: Նա 130 կմ/ժամ արագությամբ սլացել է քաղաքի փողոցներով: Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, հետապնդումը դադարեցվել է, երբ Ղազարյանը հարվածել է կայանված մի մեքենայի, եւ փորձել փախչել ոտքով: Քիչ ուշ Ղազարյանին հայտնաբերել են Լոս Անջելեսի Կոլորադո բուլվարում, մի մեքենայի տակ թաքնված:

Խուզարկության պահին Ղազարյանի մոտից մետամֆետամին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել: Նրան առաջադրվել է մոտոցիլետի առեւանգման, թմրանյութ պահելու, թմրանյութի կամ ալկոհոլի ազզդեցության տակ վարելու եւ ոստիկաններից փախչելու մեղադրանք: Ոստիկանները նրա մոտից պլաստիկե փաթեթ են գտել, որն ընկել է նրա գրպանից:  

Պարզվել է, որ նա փորձաշրջան էր անցնում թմրանյութ պահելու համար եւ 2011թ. զրկվել էր վարորդական վկայականից: Իսկ մոտոցիկլետը գողացվել էր 2011թ. Սանտա-Կլարիտայում: