«Հարավային ավիաուղիներ» ավիաընկերության «Օդեսա-Դոնեցկ» չվերթի Ան-24 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Դոնեցկում, որից հետո բռնկվել է: Ինքնաթիռում գտնվել է 45 մարդ, որոնցից հինգը զոհվել է: Ութ ուղեւորներ տեղափոխվել են հիվանդանոց:
Ուղեւորների մեծ մասն Օդեսայից Դոնեցկ էին թռչում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Շախտյոր» (Դոնեցկ) -«Բորուսիա» (Դորթմունդ) հանդիպմանը մասնակցելու, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է օդանավակայանի աղբյուրը: Օդեսայի dumskaya.net կայքը տեղեկացնում է, որ ուղեւորների մեջ եղել են Օդեսայի շատ հայտնի գործարարներ եւ քաղաքական գործիչներ, դատական իշխանության ներկայացուցիչներ:
Յոթ մարդ տեղափոխվել են Դոնեցկի հիվանդանոց, հայտնել է հիվանդանոցի աղբյուրը:
«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ ըստ նախնական տվյալների, Դոնեցկի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման հավանական պատճառը շարժիչի խափանումն է եղել: Հենց այդ պատճառով էլ ինքնաթիռը չի կարողացել մտնել թռիչքուղի, անիվները խրվել են հողի մեջ, ինքնաթիռը շրջվել է եւ մասերի բաժանվել:
Ըստ Օդեսա-Դոնեցկ չվերթի ուղեւորներից մեկի` մարդկանց մի մասը կարողացել է փրկվել՝ արանքներից դուրս գալով:




























