Carnival Triumph զբոսանավը, որը խափանվելուց հետո արդեն մեկկ շաբաթ է անշարժ մնացել է Մեքսիկական ծոցում, փետրվարի 14-ին կքարշակվի դեպի Ալաբամայի «Մոբիլ» նավահանգիստ: Ուղեւորները նախօրեին բողոքել են սննդամթերքի անբավարարությունից, հայտնում է «Էխո Մոսկվին»:
«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ Carnival Triumph զբոսանավը, որում 3143 ուղեւոր 1086 հոգանոց անձնակազմ կա, մի քանի օրում շքեղ «լողացող հյուրանոցից» վերածվել է իսկական ախոռի:
Սնունդ եւ ջուր ստանալու համար բազմաժամյա հերթերը ծեծկռտուքների առիթ են դարձել: Չգործող կոյուղատարը ստիպում է բնական կարիքները բավարարել որտեղ պատահի՝ լողախցիկներում, հյուրասենյակներում, անգամ՝ միջանցքներում:
«Անտանելի հոտ է տարածված, գորգերը մեզով են ներծծված, պատերը կեղտի մեջ կորած են, - հարազատներին զանգահարած ուղեւորների խոսքերն է մեջբերում The Daily Mail-ը: -Մեզ կերակրում են սոխով սենդվիչներով, քնում ենք տախտակամածին»:
Ըստ մասնագետների՝ Carnival Triumph-ում կատարվողը նավատերերի մեղքն է: Մեքսիկական ծոցը բանուկ վայր է՝ լի օգնելու ընդունակ նավերով: Բայց գծուծ սեփականատերերը մի քանի օր սպասում էին, որ հոսանքը նավը մոտեցնի ափին, որտեղից քարշակումն ավելի էժան կլիներ:




























