Այսօր` փետրվարի 16-ին,  «Թեքեյան կենտրոնում» տեղի է ունեցել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հերթական 10-րդ համագումարը: Կուսակցության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ օրակարգում ընգրկված էին մի շարք հարցեր` կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի զեկույցը, հաստատվել է 2012թ. ֆինանսական հաշվետվությունը, ընդունվել է կուսակցության կանոնադրության փոփոխությունները, ընտրվել է կուսակցության քաղաքական խորհրդի 15 հոգանոց կազմը եւ կուսակցության նախագահ է վերընտրվել Պետրոս Մակեյանը, ընդունվել է կուսակցության 10-րդ համագումարի բանաձեւը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության 10-րդ համագումարի

բանաձեւում, մասնավորապես, նշված է հետեւյալը. ««Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրում հռչակված սկզբունքներին ու նպատակներին, ինչպես նաեւ 15-ամյա հետեւողական պայքարին, վերստին արձանագրում է, որ Հայաստանի զարգացման միակ ուղությունը` Եվրոպական (համամարդկային) արժեքներ դավանող` ժողովրդավարական, սոցիալական պետության կերտումն է, որն ապահովելու է քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:Այդ նպատակները կյանքի կոչելու համար ԺՀԿ 2008թ. դարձավ համաժողովրդական շարժման, այնուհետեւ` ՀԱԿ-ի կարեւոր դերակատարներից մեկը` իր վրա ընդունելով վարչախմբի բազմաթիվ վայրագ հարձակումները: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը շարունակելու է հետեւողական պայքարը, որովհետեւ Հայաստանը դեռեւս գտնվում է անապագա դեգերումների մեջ: Վարչախումբը տարիներ շարունակ կեղծեց բոլոր ընտրությունները եւ ձեւավորեց իմիտացիոն` կեղծ ժողովրդավարական համակարգ: 15 տարիների ընթացքում վարչախմբի վարած քաղաքականության, տնտեսական ծանր պայմանները, գործազրկությունը, սոցիալական եւ իրավական անպաշտպանվածությունը, անարդարությունները երկրում ստեղծել են հասարակության սոցիալական վիճակի ծայրահեղ բեւեռացում` մի կողմից քրեագործ գերհարուստներ, մյուս կողմից` ունեզրկված ժողովուրդ, որը հանգեցրել է հուսահատության ծանր մթնոլորտի: Շարունակվում է հասարակության ակտիվ եւ ունակ շերտերի զանգվածային արտագաղթը: Հնարավոր չէ ունենալ ժամանակակից պետություն եւ իշխանությունների տարանջատում` առանց իրական ընտրական համակարգի: Հասարակությունը ոչ միայն չի դարձել իշխանության ձեւավորման սուբյեկտ, այլեւ` 2012թ. ԱԺ «ընտրությունները» ցույց տվեցին, որ վարչախումբն արեց ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացուն զրկի ընտրելու իր սահմանադրական իրավունքից: Դասեր չքաղելով 2008թ. հետընտրական զարգացումներից եւ հարյուրավոր քաղաքական բանտարկյալների առկայությունից` այսօր եւս շարունակվում է նույն արատավոր գործելաոճը: Արդյունքում` վտանգված է պետության եւ քաղաքացիական հասարակության գոյությունը, չեն գործում սահմանադրությունը եւ օրենքները, վարկաբեկված են պետական բոլոր ինստիտուտները, շարունակվում է գերակայել անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը: Վարչախումբը ձգտում է հասարակությանը վերածել միակերպ մտածող հպատակների: Ցավով պետք է արձանագրենք, պարտադրվող արժեհամակարգը, եւ ընդդիմության վերջին երկու տարվա անհաշվենկատ գործունեությունը նպաստեց ավազակապետական բուրգի բարգավաճմանը, եւ հիմնական ընդդիմադիր բեւեռի` ՀԱԿ-ի կազմաքանդմանը: Արձանագրենք, որ երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նախագահական ընտրություններն առաջին անգամ անցնում են առանց ընդդիմադիր ուժային կենտրոնի, ոչ մրցակցային, կանխորոշված «ընտրությունների» արդյունքով: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության համագումարը արձանագրելով ներքաղաքական կյանքում ձեւավորված նոր իրողությունները, իր հռչակած նպատակները իրականացնելու համար համագործակցելու է առաջին հերթին գաղափարական ընդհանրություն ունեցող, ինչպես նաեւ բոլոր այն ուժերի հետ, որոնք առաջնային նպատակ տեսնում են երկրում սահմանադրական կարգի հաստատումը»: