Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ կասկածի տակ էին դրվում արդեն տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, ներկա ընտրություններում կասկածի տակ է դրվում ողջ ընտրական գործընթացը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմավարական եւ քաղաքացիական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Այն հանգամանքը, որ երկու խորհրդարանական կուսակցություններ ի սկզբանե չեն ճանաչել նախագահական ընտրությունների լեգիտիմությունը եւ չեն մասնակցել դրանց, տարօրինակ իրավիճակ է ստեղծում: Այդ տաօրինակ իրավիճակն էլ ավելի ակնհայտ դարձավ, երբ արդեն առաջադրված թեկնածուների մի մասը հայտարարեց, որ չի ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը»,-ասաց քաղաքագետը, նկատի ունենալով նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանին եւ Անդրիաս Ղուկասյանին:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ հետընտրական ժամանակաշրջանում իրավիճակը կախված կլինի նրանից, թե ինչպես թեկնածուները կգնահատեն ընտրական գործընթացը եւ ընդհանրապես ինչպես ընտրությունների արդյունքներին կվերաբերի Հայաստանի հասարակությունը: