Քարոզարշավի հենց սկզբից ակնհայտ էր, որ գրոծող նախագահ  Սերժ Սարգսյանը նկատելի առավելություն ունի, քանի որ բոլոր մնացած թեկնածուները ուժեղ քաղաքական կուսակցությունների կողմից չէին առաջադրվել: NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային  համագործակցության  վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Գաղտնիք չէ, որ երեք ուժեղ քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն հրաժարվեցին նախագահական ընտրություններին մասնակցելուց: Ակնհայտ էր, որ մնացած 7 թեկնածուները քաղաքական քիչ ռեսուրս ունեին: Այդուհանդերձ, քարոզարշավի ժամանակ բավականին ակտիվ աշխատեցին, առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանը ու նաեւ, ինչ-որ չափով, Հրանտ Բագրատյանը: Թե Սերժ Սարգսյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Հրանտ Բագրատյանը դասական մեթոդներով քարոզարշավ անցկացրեցին. հանդիպեցին ընտրողների հետ, բուկլետներ բաժանեցին, տեսահոլովակներ ներկայացրեցին, կարողացան ակտիվացնել բնակչությանը: Մենք լսեցինք բոլոր թեկնածուների դիրքորոշումները: Գոյություն ունի նկատելի տարբերություն Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերում`  արտաքին քաղաքկանության  առումով, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի եւ Հրանտ Բարգարտյանի ծրագրերում` ներքին քաղաքական հարցերում»,-նշեց քաղաքագետը:

Նրա կարծիքով` կարեւոր է նշել, որ բոլոր թեկնածուները լրատվամիջոցների առումով հավասար հնարավորություններ ունեին: «Բոլոր հարցերը վերջնական պատասխան կստանան փետրվարի 18-ից հետո:  Ես բողոքների կամ ակցիաների հնարավորություն չեմ նկատում, եթե  փետրվարի 18 –ին ամեն ինչ նորմալ անցնի: Կարծում եմ, ով էլ լինի հաղթողը, ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխնության ներկայացուցիչները կընդունեն ընտրությունների արդյունքները»,-եզրափակեց Ստեփան Գրիգորյանը: