Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հայրական տան վրա կատարված հարձակման գործն ուղարկվել է դատարան: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Արսեն Չիչյանն իր վերաբերյալ Ախթալա համայնքի ղեկավար Հայկազ Խաչիկյանի եւ նրա եղբայրների կողմից անվանարկող տեղեկություններ տարածելու համար, 2012 թվականի օգոստոսի 30-ին բարեկամի՝ 29-ամյա էդգար Հախվերդյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, գնացել են Ախթալա քաղաքի Ապանդարյան փողոցի 52-րդ շենքի բակը: Այնտեղ նրանք խմբով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, միաժամանակ Հայկազ Խաչիկյանին գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, տեւական ժամանակ Խաչիկյանների հասցեին բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ եւ ոտքերով հարվածել շենքի բակում կայանված, Հայկազ Խաչիկյանի ծառայողական «Մերսեդես բենց» մակնիշի, 114 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենային:

Այնուհետեւ էդգար Հախվերդյանը բարձրացել է նույն ավտոմեքենայի տանիքին եւ ցատկոտել դրա վրա, իսկ Արսեն Չիչյանը քննությամբ չպարզված առարկայով հարվածել է ավտոմեքենայի դիմապակուն ու վնասել՝ պատճառելով 483.000 ՀՀ դրամ արժողության գույքային վնաս, որից հետո Արսեն Չիչյանը քարեր Է նետել վերոհիշյալ շենքի ուղղությամբ։

Այնուհետեւ Արսեն Չիչյանը եւ Էդգար Հախվերդյանը, շարունակելով իրենց խուլիգանական գործողություններն ու անտեսելով Հայկազ Խաչիկյանի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի կամքը, կոտրել են վերջինիս պատկանող, նույն շենքի 10-րդ բնակարանի մուտքի դուռը եւ նրա գույքին վնաս պատճառելու դիտավորությամբ ապօրինի մուտք գործել բնակարան, դիտավորյալ վնասել ու ոչնչացրել բնակարանի մեջ եղած, 1.131.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության խորդանոցի դուռը, լուսամուտի ապակե փաթեթը, լրագրասեղանը, սպասքապահարանը, ջահը, հյուրասենյակի հատակի սալիկները, վարագույրը, բազմոցը, երեք հատ բջջային հեռախոսները, գորգը եւ տարբեր տեսակի սպասքեղեն ու այլ ապրանքներ՝ այդ ընթացքում բարձրաձայն շարունակելով Խաչիկյանների հասցեին տալ սեռական բնույթի հայհոյանքներ։

Բացի այդ, Արսեն Չիչյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր՝ Ախթալա քաղաքի Աբովյան 22/6 բնակարանի ննջասենյակի պահարանի մեջ պահել գործարանային արտադրության երկու հատ 7.62 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել եւ առգրավվել են 2012 թվականի օգոստոսի 31-ին՝ խուզարկության ժամանակ:

Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով, 185  հոդվածի 2-րդ մասի  2-րդ կետով եւ 258   հոդվածի 3 –րդ մասի  1-ին կետով: Արսեն Չիչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաեւ 235 հոդվածի 1-ին մասով: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բացի այդ, 36-ամյա Կարեն Խաչիկյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արսեն Չիչյանի եւ նրա բարեկամ Էդգար Հախվերդյանի կողմից իր տան գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար վրեժխնդիր լինելու նպատակով իր հորեղբոր որդու՝ Վաչագան Խաչիկյանի հետ 2012 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում գնացել են Արսեն Չիչյանի հոր՝ Բենիկ Չիչյանին պատկանող, Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22-րդ շենքի բակ, որից հետո Կարեն Խաչիկյանը, անտեսելով Բենիկ Չիչյանի կամքը՝ ապօրինի մուտք է գործել 6-րդ բնակարան եւ գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած ռետինե մահակով, ջարդել Բենիկ Չիչյանի տան գույքը՝ պատճառելով գգալի չափերով՝ 99.900 ՀՀ դրամ գույքային վնաս։

Բացի այդ, Կարեն Խաչիկյանը միաժամանակ ռետինե մահակով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հարվածել է բնակարանում գտնվող Բենիկ Չիչյանի կնոջ՝ Նունե Խաչիկյանի մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան եւ առողջությանը պատճառել թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նրա նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, 147 հոդվածի 1-ին մասով եւ 185 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ էլ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել փետրվարի 15-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 30-ի երեկոյան, նախնական տվյալներով 3 անձինք կոտրել են Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հայրական տան դուռը, եւ սկսել ավերածություններ կատարել։ Խաչիկյանների հարեւանները թղթակցին ասել են, որ հարձակումն իրականացնողների մեջ է եղել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիթչյանը։ Հարձակվողները նաեւ վնասել էին Ախթալայի քաղաքապետի մեքենան: Իսկ այդ հարձակումից հետո Խաչիկյաների կողմնակիցներն են հարձակվել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տան վրա: