61-ամայ Էդիկ Թամազյանը դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման՝ խորթ աղջկան մուրացկանության դրդելու, մարմնավաճառության մեջ ներքաշելու փորձի եւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 61-ամյա Էդիկ Թամազյանը 2011թ. փետրվարին ծանոթացել է վկա Լուսիկ Գրիգորյանի հետ եւ նրա հետ վարձակալական հիմունքներով բնակվել են Երեւանի Ներքին Շենգավիթի  փողոցում գտնվող տանը: Նրանց հետ համատեղ բնակվել է նաեւ Լուսիկ Գրիգորյանի 15-ամյա անչափահաս դուստրը:

Թեեւ վերջինս սովորել է Երեւանի թիվ 12 գիշերօթիկ հատուկ դպրոցում ու տուն է հաճախել միայն շաբաթ եւ կիրակի օրերին, բայց Էդիկ Թամազյանը, 2011թ. փետրվարից մինչեւ մայիսն ընկած ժամանակահատվածում, անչափահասին շահագործման ենթարկելու նպատակով, պարբերաբար տարբեր օրերի նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ նրա մարմնի տարբեր մասերին ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով, ինչպես նաեւ` բռնության սպառնալիքներով արգելելով նրան բնակվել իրենց հետ եւ սնվել տանը, ներգրավել է հարկադիր աշխատանքի մեջ` ստիպելով Երեւանի տարբեր փողոցներում զբաղվել մուրացկանությամբ:

Անչափահասը չդիմանալով այդ հալածանքներին եւ այլ ելք չունենալով, 2011թ. մայիսին Երեւանի տարբեր վայրերում զբաղվել է մուրացկանությամբ, որի հետեւանքով վաստակած գումարներն Էդիկ Թամազյանը բռնությամբ նրանից ստացել եւ ինքնուրույն տնօրինել է:  Չբավարարվելով անչափահասից ստացված՝ մուրացկանությամբ վաստակած գումարներով` Էդիկ Թամազյանը, նպատակ ունենալով ցանկացած ճանապարհով բարելավել իր նյութական վիճակը, անչափահասին արդեն սեռական շահագործման ենթարկելու նպատակով 2011թ. մայիսին, չպարզված օրը, խաբեությամբ` իբրեւ համեղ ուտեստ հյուրասիրելու պատրվակով, տարել է Երեւանյան լճի մոտակայք: Նույն վայրում մոտենալով գործով չպարզված մի երիտասարդի` Էդիկ Թամազյանը պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս հետ՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ, ապա հետ վերադառնալով` առաջարկել է աղջնակին առանձնանալ այդ երիտասարդի հետ եւ ենթարկվել նրա կամքին: Սակայն անչափահասը, հասկանալով Էդիկ Թամազյանի հանցավոր մտադրությունը` դիմել է փախուստի:

Բացի այդ՝, Էդիկ Թամազյանը, իր սեռական պահանջմունքները բավարարելու համար մի քանի անգամ անառակաբարո գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ, սակայն վերջինս փախել է տնից:

Քննելով գործը դատարանը փետրվարի 7-ին վճռել է պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ամբաստանյալ Էդիկ Թամազյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 10 տարի 6  ամիս ժամկետով: Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: