Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ընտրվել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվավոր նախագահ: Այսօր՝ փետրվարի 16-ին, Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի է ունեցել այդ կուսակցության համագումարը, որին մասնակցել է 1681 պատվիրակ եւ 550 հյուր: Իվանիշվիլին կուսակցության պատվավոր նախագահ է ընտրվել միաձայն, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Նախքան համագումարը, լրագրողների հետ զրույցում Իվանիշվիլին հայտարարել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների զանգվածային ձերբակալությունները բխում են Միխայիլ Սահակաշվիլիի շահերից: Նրա խոսքով՝ նախագահն ուզում է, որ որքան հնարավոր է «Միացյալ ազգային շարժման» շատ անդամներ պատժվեն, որ հետո Արեւմուտքին ասի, որ իշխանությունները քաղաքական ճնշում են գործադրում նախկին իշխանության նկատմամբ:

«Ես ասել եմ Սահակաշվիլիին, որ ավելի լավ չի՞ լինի, որ ագրեսիվ հռետորության փոխարեն մտածեն համաներման օրինագիծ ներկայացնելու մասին, բայց նա պատասխանեց, որ Ուգուլավան եւ Մերաբիշվիլին հերոսներ են եւ հաճույքով բանտ կնստեն: Սկզբում ես մտածում էի, որ նա կատակ է անում, բայց, ինչպես երեւում է, Սահակաշվիլիի գաղափարախոսությունն այն է, որպեսզի որքան հնարավոր է իր կուսակցության շատ անդամներ պատժվեն, որպեսզի հետո Արեւմուտքին ցույց տա, որ իրենց դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Համագումարի իր ելույթում Իվանիշվիլին խոստացել է վերականգնել արդարությունը: «Ես խոստանում եմ, որ մենք կվերականգնենք արդարությունը, մենք թույլ չենք տա ռեւանշ, բայց խոստանում եմ, որ բոլոր մեղավորները կկանգնեն օրենքի առջեւ»,-ասել է նա: