Քարոզարշավն իրականացվել է «Ընտրական օրենսգրքի» կանոնակարգումների համաձայն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով` քարոզարշավի վերաբերյալ որեւէ դատողություն անելու համար, բնականաբար, առաջին հերթին պետք է հիմք ընդունել այն փաստական հանգամանքները, որոնք եղել են քարոզարշավի ընթացքում, իսկ ԿԸՀ-ն այդ ընթացքում ունեցել է եզակի թվով դիմումներ` ընդամենը 4 դիմում,որոնք քարոզարշավի վերաբերյալ էին:
Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` լրատվամիջոցներում ընտրախախտում որակվող այս կամ այն հանգամանքը, գործողությունը, տեղեկատվությունը ուսումնասիրվել է. «Պետք է նկատել, որ այս ամենի քանակական բնութագրիչը ինքնին վկայում է, որ ընտրական գործընթացը ընթացել է «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համապատասխան, քանզի դրա լավագույն վկայությունը հենց նման արձանագրված եզակի բնույթ կրող փաստերն են»,- նշեց նա: ԿԸՀ նախագահը շեշտեց, որ ամբողջ ընթացքում պետական բոլոր մարմինները` եւ ԿԸՀ-ն, եւ ոստիկանությունը, եւ դատախազությունը, հետեւել են ամբողջ գործընթացին, ցանկացած հրապարակված տեղեկատվություն դարձել է քննության առարկա, ուսումնասիրվել են հանգամանքները,եւ եթե այս կամ այն փաստական հանգամանքները հաստատվել են, անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` խախտման հետեւանքները վերացնելու, անմիջապես ձեռնակվել է համապատասխան գործողություններ կոնկրետ երեւույթի հետ կապված ամբողջական պատկերը բացահայտելու եւ դրան համարժեք գնահատական տալու համար: «Բայց պետք է նկատել, որ այս երեւույթները կրել են եզակի բնույթ, վերաբերել են առանձին հանգամանքներին, ինչով պայմանավորված միանշանակ կարող ենք պնդել, որ քարոզարշավը իրականացվել է «Ընտրական օրենսգրքի» կանոնակարգումների համաձայն»,- նշեց նա:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նման դատողություն անելու հիմք են ընդունում նաեւ ԿԸՀ-ի Վերստուգիչ հանձնաժողովի տվյալները, որտեղ տարբեր թեկնածուներ պարբերաբար ներկայացնում էին տեղեկություններ իրենց նախընտրական ծախսերի եւ ելքերի վերաբերյալ, միաժամանակ նկատի են առնվել նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքները:



























