«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվավոր նախագահ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, այսօր՝ փետրվարի 16-ին, հանդես գալով այդ կուսակցության համագումարում, խոստացել է վերանայել երկրի Սահմանադրությունը, քանի որ դրանում բազմաթիվ թերություններ կան:

«Վրաստանի գործող Սահմանադրությունը բազմաթիվ չլսված նորմեր է պարունակում, օրինակ նախագահն իրավունք ունի կառավարություն նշանակել առանց խորհրդարանի ու ժողովրդի հետ համաձայնեցնելու: Աշխարհի ոչ մի ժողովրդավարական երկրում նման բան չկա: 9 տարի մեզ ստիպել են ապրել մի երկրում, որտեղ սահմանադրորեն բռնապետություն է եղել»,-ասել է նա:

Իվանիշվիլին նշել է, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը լավ հասկանում են նաեւ խորհրդարանական փոքրամասնության անդամները եւ նրանք խելամիտ առաջարկ են արել, որպեսզի հիմա սկսեն գործել Սահմանադրության որոշ նորմեր, որոնք պետք է ուժի մեջ մտնեին հոկտեմբերից: «Ես ողջունում եմ բոլոր խելամիտ կարծիքները, երկրի շահերից բխող բոլոր քայլերը, եւ հավատում եմ, որ դրանից կշակի միայն մեր երկիրն ու ժողովուրդը»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Նա ընդգծել է, որ «Վրացական երազանքը» կողմ է կառավարման խորհրդարանական մոդելին, բայց այդ հարցի վերջնական պատասխանը պետք է տա ժողովուրդը: «Ժողովուրդը պետք է հավատա, որ կարող է վերահսկել իշխանություններին եւ մասնակցել երկրի կառավարմանը: Իսկ իշխանություն ունեցողները պետք է հիշեն, որ իրենք ժողովրդի ծառաներն են, ոչ թե՝ պետերը»,-ասել է նա: