Արմավիրի քաղաքապետը Ռուբեն Խլղաթյանը փետրվարի 16-ին, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, այցելել է Արմավիր քաղաքի ոստիկանություն։ Մեր տեղեկություններով Արմավիրի քաղաքապետը, փորձել է մուտք գործել ոստիկանության բաժին։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում փետրվարի 16-ի վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին, ով զինծառայող է, Արմավիրի Բաղրամյան պողոտայում կրակել է մի խումբ երիտասարդների վրա։
Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է՝ միջադեպին որդու մասնակցության լուրերը: Նա նշել է, որ դա սխալ տեղեկություն է, իր որդին կապ չունի այդ միջադեպի հետ, նա զինծառայող է, այժմ հայրենիքի նկատմամբ պարտքն է կատարում եւ «բան չկա, որ չտարածեն, որի մեջ Խլղաթյանն ու իր ընտանիքը մեղավոր չլինեն»:
Այլ մանրամասներ նա չի հաղորդել` նշելով, որ զբաղված է:
Միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ վիճաբանություն է եղել արմավիրցի երիտասարդների միջեւ, վիճաբանության բոլոր մասնակիցները գտնվում են ոստիկանության Արմավիրի բաժնում, հանգամանքները պարզվում են: Նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:
Որոշ տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է դեռ փետրվարի 14-ին, իսկ փետրվարի 16-ին շարունակվել։
Ըստ այլ լուրերի՝ վեճն առաջացել է փետրվարի 16-ին՝ վազանց կատարելու պատճառով:































