Պետք է ողջունել Հայաստանի գլխավոր դատախազության` նախընտրական շրջանում եւ ընտրությունների ընթացքում խախտումներն ուսումնասիրելու պատրաստակամությունը: Այս մասին Երեւանում ասաց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող, մոլդովացի խորհրդարանական Ալեքսանդր Ստոյանոգլոն:

Նրա խոսքով` Հայաստանի գլխավոր դատախազությունում հանդիպման ժամանակ դիտորդները քննարկել են ընտրական գործընթացների պրակտիկան: Անդրադարձ է եղել նաեւ «թեկնածուներից մեկի հետ պատահած միջադեպին»: «Համոզված ենք, որ դատախազությունը կանի անհրաժեշտ ամեն ինչ. պարզվել են նաեւ հանցագործությունը կատարողները: Դա շատ կարեւոր էր, քանի որ իրավապահ մարմինների աշխատանքից է կախված նաեւ ընտրական գործընթացի կայունությունը»,-հայտարարեց Ստոյանոգլոն: Նա գոհունակությամբ նշեց, որ դատախազությունը ուշադիր հետեւում է իրավիճակին, այդ թվում` ԶԼՄ-ների հրապարակումներին:

«Մեզ հայտնեցին, որ տվյալ պահին գլխավոր դատախազությունը հնարավոր խախտումների վերաբերյալ մոտ 60 փաստ է ուսումնասիրում: Ընդ որում, դրանցից միայն 13-ն է տրվել այս կամ այն սուբյեկտի կողմից: Մնացածի նկատմամբ դատախազությունը ինքնուրույն է վարույթ հարուցել: Մենք ողջունում ենք դատախազության նման նախաձեռնողական աշխատանքը»,- հայտարարեց Ա. Ստոյանոգլոն: