Կենտրոնի շտապօգնության ենթակայանից  այսօր` փետրվարի 18-ին, ժամը 13.05-ին հաղորդում է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի տներից մեկի բնակչուհի Հռիփսիմե Ի.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբն արագ դեպքի վայր է հասել: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերել են Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով եւ կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:

Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շուտով պարզվել է, որ ծեր կնոջն սպանել է հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Ի.-ն, ով կարճ ժամանակ անց արդեն ներկայացնում էր ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները: 
Աինգայի ներկայացմամբ` ինքը հաճախ էր վիճում մոր հետ: Այդ օրը հերթական վիճաբանությունն է եղել, որը, ցավոք, ողբերգությամբ է ավարտվել: Իգիթյանը ցույց է տվել նաեւ դանակը, որով երկու անգամ հարվածել է հարազատ մոր կրծքավանդակին:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: