Այսօր` փետրվարի 18-ին ժամը 14:30-ի դրությամբ Հայաստանի դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ: NEWS.am-ը Դատախազությունից տեղեկանում է, որ դրանք դասակարգվել են 3 խմբի` կենցաղային բնույթի հաղորդումներ (բնակարանային խնդիրների վերաբերյալ), ընտրություններին առնչվող, սակայն հանցագործության հատկանիշներ չպարունակող ահազանգեր (մասնավորապես` քաղաքացիներից ստացվել են դժգոհություններ, որ սոցիալական ցանցերում նախագահի որոշ թեկնածուներ շարունակում են քարոզչական նյութերի տարածումը, ինչպես նաեւ` ընտրացուցակներում առկա են անճշտություններ, ինչի կապակցությամբ պարզաբանվել է, որ նման հարցերի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից),հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներ:

Ժամը 14:30-ի դրությամբ ստացված ահազանգերից հանցագործության մասին տեղեկություններ են պարունակել 2-ը, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել են եւ ուղարկվել համապատասխան քննչական մարմիններին։

Այսպես. 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը եւ հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ-ի կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ: Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է, որ իրեն էլ են ընտրակաշառք առաջարկել, սակայն չի վերցրել, իսկ կոնկրետ անուններ նշել չի կարող: Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ քրեաիրավական գնահատական տալու համար: Նույն օրն ահազանգ է ստացվել նաեւ մի քաղաքացուց (քաղաքացին ներկայացել է, սակայն նրա իսկ խնդրանքով ինքնությունը չենք հրապարակում), ով հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թիվ 1, 2 եւ 3 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում քաղաքացիներն արձանագրել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են: Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ քրեաիրավական գնահատական տալու համար: