Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը Չելյաբինսկի երկնաքարի բնութագրումներում սրբագրումներ է կատարել. պայթյունի ժամանակ անջատված էներգիայի քանակը համապատասխանել է 470 կիլոտոննայի` տրոտիլային էկվիվալենտում: Երկնային մարմնի զանգվածը կազմլ է 6,4 - 7,7 հազար տոննա, չափը` 17 մետր: Այդ մասին հայտնել է Լինդլի Ջոնսոնը` NASA-ի Երկրին մոտեցող օբյեկտների հետազոտություններով զբաղվող ստորաբաժանման տնօրենը:

Նախկինում NASA-ի մասնագետները պայթյունի ուժը  500 կիլոտոննա էին գնահատել (Հիրոսիմայի ռումբի պայթյունից 30 անգամ հզոր), իսկ զանգվածը`10 հազար տոննա: Չափի ցուցանիշը նույնն է մնացել`17 մետր:  

Վիենայում ՄԱԿ-ի տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի նիստում Ջոնսոնը նաեւ հայտնել է, որ Չելյաբինսկի երկնաքարը մթնոլորտ է մտել 18 կմ/վրկ. արագությամբ, պայթյունը տեղի է ունեցել 10 - 20 կմ բարձրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ տիեզերական մարմինը, ըստ ամերիկացի գիտնականի, պատկանել է «ապոլոնների» թվին`Երկրին մերձեցող աստերոիդների խմբին, որոնց ուղեծրերը նման են Ապոլոն Աստերոիդի ուղեծրին:

Հիշեցնենք, փետրվարի 15-ին Ուրալի մի շարք շրջանների բնակիչները երկնաքարի թռիչքի ականատես էին դարձել, անկումն ավարտվել էր վառ բռնկմամբ եւ հզոր պայթյունով: Չեբարկուլ լճի շրջանում երկնաքարի հատվածներ էին գտել , քիմիական վերլուծությունը հաստատել էր դրանց ոչ երկրային ծագումը: