«Կասպերսկիի լաբորատորիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին 3 միլիոն եվրո է պահանջել իր որդու առեւանգման մեջ կասկածվող անձանցից: Կասպերսկին իր պահանջը պատճառաբանել է նրանով, որ առեւանգումից հետո իր եւ որդու հարաբերությունները սառել են, իսկ բարոյական հարված հասցվել է ոչ միայն իրեն, այլեւ ողջ երկրին, հաղորդում է «Պոլիտ.ru»-ն:
Նա դատարանում հայտարարել է, թե առեւանգիչների արտահայտություններից մեկը գնահատումէ որպես իր որդու կյանքի իրական սպառնալիք:
Ամբաստանյալի աթոռին են հայտնվել Սեմյոն Գրոմովը, Օլեգ Մայուկովը, Նիկոլայ Սավելեւն ու նրա որդին` Նիկոլայ Սավելեւ-կրտսերը: Քննության տվյալներով, 2011թ. նրանք հատուկ ծառայությունների աշխատակից Ալեքսեյ Ուստիմչուկի հետ որեշել էին առեւանգել Իվան Կասպերսկուն` փրկագին ստանալու նպատակով:
Ապրիլի 19-ի առավոտյան նրանք Իվանին մեքենա էին խցկել, ձեռնաշղթաներ հագցրել եւ կապել աչքերը: Պատանուն բերել էին Սավելեւների ամառանոց եւ փակել բաղնիքում: Առեւանգիչները գումար էին պահանջել տղայի հորից: Ապրիլի 24-ին Իվան Կասպերսկին ազատվել էր ոստիկանության կողմից:
Ուստիմչուկը համաձայնագիր էր կնքել քննության հետ եւ դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման:




























