Գործնականում ողջ հանրապետությունից ահազանգեր են ստացվում քվեաթերթիկների լցոնումների եւ գաղտնի քվեարկության խախտումների մասին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով, վերջին ժամերի ընթացքում ահազանգերի քանակությունը գրեթե կրկնակապատկվել է: «Նման ծավալներով խախտումներ ես երբեք չեմ նկատել: Չեն կիրառվել թերեւս միայն հարձակումները, մյուս բոլոր տեսակի խախտումների մենք առնչվել ենք, եւ մեր ներկայացուցիչների վկայությամբ, եւ քաղաքացիներից ստացվող ահազանգերով»,- ընդգծել է Խուրշուդյանը:
Նրա խոսքով, զանգվածային չափեր են ստացել ինչպես լցոնումները, այնպես էլ քվեարկության գաղտնիության խախտումները հատկապես գյուղերում, որտեղ հասարակության ուշադրությունն անխուսափելիորեն ավելի թույլ է, քան քաղաքներում: «Մի շարք դեպքերում գյուաղապետերը եկել են տեղամասեր եւ կամ հրահանգել ընտրել իշխանության թեկնածուին, կամ ուղղակի մտել քվեախցիկ եւ ճնշում գործադրել ընտրողների վրա: Բոլոր այդ դեպքերում ընտրողներին նախօրեին կաշառք է բաժանվել: Այժմ, ըստ ամենայնի, գյուղապետերը հետեւում են, թե ինչպես են ծախսվում գումարները»,- ասել է Խուրշուդյանը:
Խախտումների ամբողջական ցանկն առաջիկայում ներկայացվելու է մամուլին:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























