Այն տեղեկությունները, թե Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն է, հավաստի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հարցին, թե ի՞նչ նպատակով էր նա գտնվում Արտաշատի թիվ 11/17 ընտրական տեղամասային հանձնաժողովում, նա այսպես արձագանքեց. «Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք ազատ տեղաշարժվելու եւ գտնվելու իրեն հարմար ցանկացած վայրում, եթե իհարկե, այդ վայրերը հատուկ նշանակության չեն եւ հատուկ կարգավիճակ չունեն: Տվյալ թեմայի շուրջ զարմանքը կամ մեկնաբանությունների ակնկալիքը ինձ մոտ առաջացնում է 37թ ասոցիացիաներ»,- նշեց նա:
Տեսանյութի հրապարակումից հետո մամուլի խոսնակը չի խոսել պատգամավորի հետ: Տիգրան Ուրիխանյանը շեշտեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, առավել եւս` պատգամավորը իրավունք ունի գտնվելու այնտեղ, որտեղ բուռն ցանկություն ունի գտնվելու եւ այնտեղ, որտեղ օրենքը չի արգելում: «Զարմանում եմ` դուք ինչի վրա եք զարմանում»,- նշեց նա:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը ֆիքսել է, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը տեւական ժամանակ է ինչ Արտաշատ քաղաքի թիվ 17/10 ընտրատեղամասում է։
Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի վկայությամբ` պատգամավորը վստահված անձ չէ եւ գրանցված չէ գրանցամատյանում։ «Ազատություն» ռադիոկայանը փորձե; է հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ավետիսյանից ճշտել իրավիճակը։ Ավետիսյանը նախ ասաց, թե Կարապետյանը գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն է, իսկ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ գրանցված չէ, հակադարձեց, թե գրանցված է։ Այդուհանդերձ, երբ պարզվեց, որ պատգամավորի անունը գրանցամատյանում չկա, հանձնաժողովի նախագահը խոստացավ դուրս հրավիրել նրան։
Ի դեպ, ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Կարո Կարապետյանը քվեարկում է Արարատի Շահումյան գյուղում տեղակայված 17/34 տեղամասում: Թե ինչու էր նա ժամանել Արտաշատ քաղաքի թիվ 17/10 ընտրատեղամաս, չհաջողվեց պարզել անձմաբ պատգամավորից, քանի որ նրա հեռախոսը անջատված էր:




























